Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկին կզրկեն տիտղոսից

10:51   21 հունիսի, 2021

Արքայազն Չարլզը, որն առաջին տեղն է զբաղեցնում բրիտանական գահի հերթում, ծրագրում է փոխել իրավաբանական կարեւոր փաստաթղթերը, որպեսզի թոռը՝ Արչին, երբեք արքայազնի տիտղոս չստանա։ Գահ բարձրանալուց հետո նա ծրագրում է սահմանափակել միապետական գլխավոր անձանց քանակը, քանի որ թագավորական ընտանիքը պահելու համար հարկատուների չափազանց մեծ միջոցներ են ծախսվում, հայտնում է Mirror-ը։

Պարբերականը նշում է, որ այդ որոշումը զայրացրել է արքայազն Հարիին եւ Մեգանին, իսկ նրանց ու թագավորական ընտանիքի մյուս անդամների հարաբերությունները զգալիորեն վատացել են։

Հունիսին հազարավոր բրիտանացիներ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին խնդրել են բոլոր տիտղոսներից զրկել արքայազն Հարիին։ Խնդրագրի հեղինակը բրիտանական թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ լեդի Քոլին Քեմբելն էր։ Գրողի կարծիքով՝ Սասեքսի դուքսն ու նրա կինն իրենց գործողություններով վնասում են երկրի կերպարին։

2020թ․-ի ապրիլի 1-ից արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Նա ԱՄՆ է տեղափոխվել աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։



© NEWS.am STYLE