NYT․ Բրիթնի Սփիրսը հոր խնամակալությունից փորձել է ազատվել դեռեւս 2016 թվականին

23:07   23 հունիսի, 2021

Հունիսի 23-ին Բրիթնի Սփիրսը երկար տարիների ընթացքում առաջին անգամ անձամբ ցուցմունք կտա Լոս Անջելեսի դատարանում նրա խնամակալության գործով: Նիստի նախաշեմին The New York Times-ը նոր մանրամասներ է հրապարակել նրա գործի վերաբերյալ։ Դրանցից հետեւում է, որ երգչուհին արդեն 2014 թվականին ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով կասկածել է հորը, իսկ 2016 թվականին առաջին իրավաբանական քայլեր է ձեռնարկել:

Պարբերականը գրում է, որ Սփիրսը հայտարարել է՝ հայրը իր կյանքում վերահսկում է ամեն ինչ՝ խոհանոցային կահույքի գույնի ընտրությունից մինչևեւ այն, թե ում հետ է ինքը հարաբերությունների մեջ։

«Նա կարծում է, որ խնամակալությունը վերածվել է ճնշման եւ վերահսկողության գործիքի։ Համակարգը «չափազանց մեծ վերահսկողություն է ունեցել», - 2016 թվականի հաշվետվությունից քննիչի խոսքը մեջբերում է NYT-ը։

Այդ ժամանակ Սփիրսը քննիչին հայտնել էր, որ ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել խնամակալությունը։ «Նա հոգնել է, որ իրեն օգտագործում են, որ նա աշխատում եւ վաստակում է, բայց բոլորը նրա հաշվին են ապրում», — գրել է քննիչը:

Երգչուհին խնամակալության տակ է գտնվում ավելի քան 13 տարի։ Դրան նախորդել է Քեւին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունը եւ եւս մի քանի սկանդալային միջադեպ, որոնք լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ներում։ 2008 թվականին երգչուհին հայտնվել է հոգեբուժարանում, որից հետո նրան ճանաչել են ժամանակավոր անգործունակ։ Դրանից կարճ ժամանակ անց երգչուհու խնամակալ է նշանակվել Ջեյմի Սփիրսը։ Նա կարող է բիզնես-բանակցություններ վարել դստեր անունից, վաճառել նրա ունեցվածքը եւ սահմանափակել շփումը մարդկանց հետ, որոնք, նրա կարծիքով, կարող են վնասել նրան:

2020 թվականի օգոստոսին Սփիրսը դատի է տվել հոր խնամակալությունից ազատվելու համար։ Այժմ երգչուհին, որը գրեթե չի շփվում մամուլի հետ եւ հարցազրույց չի տալիս, անձամբ հանդես կգա դատարանում: «Այդ իրադարձությունը դարձել է այնքան սպասված, քանի որ հազվադեպ կարելի է լսել, թե ինչպես է աստղը խոսում առաջին դեմքից՝ չկասկածելով, որ դա իրոք նա է», - նշում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրպագուների շրջանում տարածված այն տեսությունը, որ Սփիրսը պատանդ է եւ Instagram-ի միջոցով օգնություն է խնդրում։



© NEWS.am STYLE