Խնամակալության վերաբերյալ դատական նիստից հետո․ Ջասթին Թիմբերլեյքն աջակցել է Բրիթնի Սփիրսին

20:46   24 հունիսի, 2021

ԱՄՆ-ում կայացել է Բրիթնի Սփիրսի խնամակալության վերաբերյալ դատական նիստը։ Երգչուհին առաջին անգամ հանդես է եկել դատարանի առաջ եւ պատմել է իր տրավմաների մասին՝ ընտանիքին կոչ անելով «իրեն թույլ տալ ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում»։

Բրիթնին հայտարարել է, որ հորը՝ Ջեյմի Սփիրսին օրենքով «չափազանց մեծ վերահսկություն է տրված»։ «Նրան դուր է գալիս վերահսկողությունը, որը հարյուր հազար տոկոսով վնասել է սեփական դստերը։ Նրան դա դուր էր գալիս»։ Բրիթնին նաեւ հայտնել է, որ ցանկանում է ամուսնանալ ու երեխա ունենալ։ Դատական նիստի ընթացքում Ջեյմիի փաստաբանը կարդացել է հայտարարությունը, որում նշվում է, որ նա «զղջում է դստեր տառապանքի համար», «սիրում է իր դստերն ու շատ է կարոտում նրան»։  

Ի պատասխան Ջասթին Թիմբերլեյքը սոցիալական ցանցերում հայտարարություն է հրապարակել՝ աջակցելու համար Սփրսին, որի հետ հանդիպել է 1999-2002թթ․՝ խնամակալությունից վեց տարի առաջ։

«Նրանից հետո, ինչ տեսել ենք այսօր, բոլորս պետք է աջակցենք Բրիթնիին։ Անկախ մեր լավ կամ վատ անցյալից եւ անկախ նրանից, թե որքան ժամանակ առաջ է դա եղել․ այն, ինչ տեղի է ունենում նրա հետ, պարզապես ճիշտ չէ։ Ոչ մի կին չպետք է սահմանափակված լինի որոշում կայացնել, որը վերաբերում է սեփական մարմնին։ Ոչ ոք երբեք չպետք է պահվի իր կամքին հակառակ կամ թույլտվությոն խնդրի հասանելիություն ունենալ ամենին, ինչի համար այդքան ջանասիրաբար աշխատել է»,- Twitter-ում գրել է երաժիշտը։

Ջասթինը հայտարարել է, որ թե ինքը, թե կինը՝ Ջեսիկա Բիլը, աջակցում են փոփ աստղին․ «Ջեսն ու ես մեր սերն ու անվերապահ աջակցությունն ենք ուղարկում Բրիթնիին։ Մենք հույս ունենք, որ դատարանն ու նրա ընտանիքն ամեն ինչ ճիշտ կանեն եւ նրան թույլ կտան ապրել այնպես, ինչպես նա ցանկանում է»։ 

Հիշեցնենք՝ այս տարի Թիմբերլեյքին քննադատել էին 20 տարի առաջ Բրիթնիի հետ հարաբերությունների ընթացքում նրա հանդեպ վերաբերմունքի պատճառով։ Նոր վավերագրական ֆիլմը դիտելուց հետո երկրպագուները պահանջել էին, որ նա ներողություն խնդրի 39-ամյա աստղից։ Կարճ ժամանակ անց Ջասթինը ուղերձ էր հրապարակել՝ ներողություն խնդրելով Բրիթնիից եւ Ջանեթ Ջեքսոնից։

Ի դեպ, երգչուհին հոր խնամակալության ներքո է հայտնվել 2008թ․-ին հոգեկան առողջության հետ խնդիրների արդյունքում։ Դատարանը նրա հորը՝ Ջեյմի Սփիրսին, անորոշ ժամանակով վերահսկողություն է տվել նրա անձնական գործերի եւ ֆինանսների նկատմամբ։ Խնամակալության գործի վերանայման օգտին հանդես են եկել նաեւ երգչուհու երկրպագուները, որոնք սկսել են #FreeBritney շարժումը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE