Երեւանի ամենաքաղցր խորհրդանիշի հետքերով. «Գրանատուս» (ֆոտոռեպորտաժ)

12:03   25 հունիսի, 2021

Մաշտոցի 49 հասցեն արդեն մոտ 29 տարի համեղ քաղցրավենիքի սիրահարների համար ամենահարազատներից է դարձել: Մատենադարանի  հարևանությամբ է գտնվում Երևանի ամենաքաղցր խորհրդանիշներից  մեկը՝ «Գրանատուս» խանութը, որտեղ ամենաթարմ, համեղ ու տնական թխվածքներն են պատրաստվում:



Խանութի հաջողության բանաձև դարձել է ջերմ հյուրընկալությունն ու «տնական» մթնոլորտը, որի մասին պատմում են ու խոսում տարիներ շարունակ: Հենց դրանցով էլ խանութը, հաղթահարելով տարիների փորձություններն ու դժվարությունները, ոչ միայն չի զիջել իր դիրքերը, այլեւ՝ շարունակում է դիմակայել ցանկացած մրցակցության:



Ամեն ինչ սկսվեց հեռավոր 90-ականներին, երբ   ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն ու նրա տիկին Գայանե Միրզոյանը  որոշեցին խմորեղենի խանութ բացել:  Շատ ճարտարապետների  կանայք էլ  միացան այդ գաղափարին` նորաստեղծ խանութի համար խմորեղեն թխելով: Այդպիսով, յուրաքանչյուր տան տիկին սկսեց թխել իր ընտանիքի «մենյու»-ի ամենահամեղ թխվածքն ու ներկայացնել այն վաճառքի:

Այո, գաղափարը ռիսկային էր, չէ՞ որ այդ շրջանում պատրաստի խմորեղեն գնելը «մոդայիկ» չէր:



Գաղափարն արդարացրեց բոլոր սպասումները` «Գրանատուս»-ը դարձավ սիրելի և ճանաչելի բոլորին: Խանութի  այցեքարտը դարձան ոչ  միայն խմորեղենի որակն ու համը, այլև հին երևանյան օջախ հիշեցնող մթնոլորտը:

«Գրանատուսի» համն ու որակը գայթակղել են ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլեւ քաղցրասեր զբոսաշրջիկներին, որ դարձել են խանութի սպասված հյուրերը, իսկ հավատարիմ հաճախորդները` ընտանիքի հարազատ  անդամ, որոնց առիթները մինչ օրս չեն անցնում առանց «Գրանատուսի» համեղ միջամտության։



Պատճառն ակնհայտ է: Չէ՞ որ «Գրանատուս»-ում թխվածքներն ու կարկանդակները պատրաստվում են բացառապես կարագով, չեն օգտագործվում քիմիական ու համային հավելումներ, իսկ տորթերի պարզ ու «տնական» տեսքը դրանք դարձնում է ավելի ախորժելի ու «կանչող» խանութի այցելուների համար:

«Գրանատուս»-ում հնարավոր է գտնել եզակի բաղադրատոմսեր, որոնց գաղտնիքը գիտեն բացառապես խանութի հմուտ խոհարարները:



Թեև խանութի պատմությունը սկսվել է թխվածքներից, այսօր տեսականին ընդլայնվել է.  արդեն մի քանի տարի է՝ այստեղ պատրաստում ու վաճառում են նաև համեղ ու որակյալ կիսաֆաբրիկատներ:  Խանութի կարկանդակները կարծես արվեստի ուտելի գործեր լինեն, որոնցից յուրաքանչյուրի վրա խորհրդանշական զարդանախշեր կան:



«Գրանատուս»-ում կգտնվեն համեղ անակնկալներ ցանկացած տարիքի քաղցրասերների համար:  Փոքրիկներին այստեղ սպասում  են «ժպտացող» թխվածքաբլիթները, որոնք իրենց գույներով ու  բառի բուն իմաստով տարատեսակ դեմքերով,  հրավիրում են իրենց ուտելու:



Դե, արի ու կողմնորոշվիր այս քաղցր բազմազանության մեջ, որը կգտնեք միայն Մաշտոցի 49 հասցեում: Իսկ եթե դուք արդեն գիտեք, թե ինչ խմորեղենով եք քաղցրացնելու ձեր օրը, կարող եք պատվիրել առաքում 010 583747 և 099 583747  հեռախոսահամարներով: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© NEWS.am STYLE