«Մանկական Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչը կայանալու է նոյեմբերի 30-ին, Կիեւում

14:11   3 հոկտեմբերի, 2013

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի XI մրցույթի եզրափակիչն անցկացվելու է նոյեմբերի 30-ին, Կիեւի «Ուկրաինա» արվեստների ազգային պալատում: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Նախօրեին մրցույթի դիտորդական խորհուրդը գնահատել է Ուկրաինայի նախապատրաստական մակարդակը: Մրցույթի եզրափակչի ուղիղ հեռարձակման համար խորհուրդն ուսումնասիրել է մի շարք հեռուստակայանների առաջարկները եւ ընտրել ուկրաինական НТКУ հեռուստաալիքինը:

Այս տարի երգի մրցույթը վարելու են Զլատա Օգնեւիչը եւ Թիմուր Միրոշնիչենկոն:

«Մանկական Եվրատեսիլ»-ը (Junior Eurovision Song Contest) ամենամյա միջազգային հեռուստատեսային երգի մրցույթ է: Այն անցկացվում է European Broadcasting Union-ի (EBC) հովանու ներքո: Մրցույթին մասնակցում են EBC-ի անդամ երկրները ներկայացնող 10-15 տարեկան երեխաներ: Մրցույթի եզրափակիչը, որպես կանոն, ուղիղ եթերով հեռարձակվում է մասնակից բոլոր երկրներում:

Նշենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով:



© NEWS.am STYLE