Խանութները շարունակել են կրկնօրինակել Yeezy-ի կոշիկները, անկախ Քանյե Ուեսթի դատական հայցից

18:42   29 հունիսի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը «Yeezy Foam Runner» կեղծ մարզակոշիկների վաճառքի պատճառով դատական հայց է ներկայացրել աշխարհի ամենաճանաչված խանութներից մեկի՝ «Walmart»-ի դեմ։ Դրանից հետո ընկերությունն իր կայքում դադարեցրել է դրանց վաճառքը, հայտնում է TMZ-ն։

 Սակայն դա այլ հարթակներին չի կանգնեցրել․ «Etsy» առցանց խանութը սկսել է «Yeezy Inspired» անվան ներքո վաճառել այս սանդալները։ Այն «Foam Runner»-ի հերթական կրկնօրինակն է։ Կայքում այդ կոշիկը վաճառվում է 30-60 դոլարով։

Քանյե Ուեսթն առայժմ չի մեկնաբանել կատարվածը։

Ուեսթի դատական հայցից հետո «Walmart»-ն իր առցանց խանութից ջնջել է բոլոր կրկնօրինակները։ Այս իրի արժեքը կայքում տատանվում էր 22-34 դոլարի միջակայքում այն դեպքում, երբ Yeezy-ի օրիգինալ սանդալները վաճառվում են 75 դոլարով։



© NEWS.am STYLE