Լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտին կժամանի Երեւան

16:52   29 հունիսի, 2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կունենա ի  նվիրում և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի հուլիսի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:

Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):

Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկար բանակցությունների արդյունքում լեգենդար դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռիկարդո Մուտին կժամանի Երևան: Նրա այցի ընթացքում՝ հուլիսի 4-ին, միջազգային բարձր հեղունակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո: Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին:

Մինչ այդ՝ հուլիսի 3-ին, Ռիկարդո Մուտին ներկա կգտնվի իր և Ռավենա փառատոնի պատվին տրվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:

Լուսանկարը՝ Մուտիի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE