Աշխարհի ամենահին գինեգործական երկրների մեկը․ Forbes-ը՝ դժվարությունների մասին, որոնց բախվում են հայ գինեգործները

12:06   30 հունիսի, 2021

Forbes-ը հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության եւ այն մասին, թե ինչ դժվարություններ են բախվում գինեգործները Հայաստանում, հատկապես Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։ Նյութի հեղինակ Կատերին Թոդը գրում է Տավուշի մարզի Բերդավան գյուղի մասին։

«Սթրեսներն ու ծանրաբեռնվածությունը, որոնց բախվում են բերքահավաքի ընթացքում, կարող են լրջորեն տարբերվել Հայաստանի որոշակի գինեգործական շրջաններում՝ թշնամական գնդակներից խույս տալ մեքենան շշերի արկղերով բեռնելիս։ Հայ գինեգործները շատ բան են հաղթահարել, Խորհրդային ժամամակներում ռեպրեսիաների զոհ են դարձել, Միության փլուզումից հետո հայտնվել են անորոշության վիճակում, իսկ այժմ՝ կոնֆլիկտի գոտում, ուր յուրաքանչյուր բերքահավաք կարող է կյանքի ու մահվան իրավիճակ ստեղծել»,- գրում է Թոդը։

Հեղինակը հիշեցնում է, որ հնագետները Վայոց Ձորում հայտնաբվերել են գինու արտադրության ամենահին ցիկլը։ Հնագետները խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե անոթներ են հայտնաբերել, բաժակներ եւ խաղողի մնացորդներ։ Այս հայտնագործությունները թվագրվում են առնվազն 6000 տարի առաջ։ Դրանք արվել են քարանձավում, որը կոչվում է «Արենի 1»։

«Հայաստանը տուն է խաղողի ավելի քան 400 տեղական տեսակների համար»,- ասված է նյութում։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE