«Բարեկամության շառավիղներ»․ լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երեւանում

13:15   30 հունիսի, 2021

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երեւանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին` ժամը 19.00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Ռիկարդո Մուտին Երեւան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը եւ երգեհոնահար Դավիդե Կավալին։ Ծրագրում կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կկայանա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի։ 

«Երեւանյան հեռանկարներ» եւ «Ռավեննա» փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ եւ դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:



© NEWS.am STYLE