«Վիշապի տունը»․ «Գահերի խաղի» պրիքվելն առաջին անգամ ցուցադրել են լրագրողներին

11:39   1 հուլիսի, 2021

Bloomberg-ի թղթակից Լուկաս Շոուն Twitter-ում պատմել է տպավորությունների մասին, որոնք ստացել է «Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տան» թրեյլերը դիտելու արդյունքում։ Լրատվամիջոցների համար «HBO» ալիքի նոր նախագծերի փակ ցուցադրություն է կազմակերպվել։ Շոուն նշել է, որ դրանք «չափազանց լավ տեսք ունեին»։ 

«Ինձ թույլ են տվել պատմել, որ ես տեսել եմ «Ժառանգների», «Գահերի խաղի» սփին-օֆի եւ «Լոս Անջելես Լեյքերսի» մասին նոր սերիալի թրեյլերները։ Չեմ կարող ասել, թե ինչ էր պատկերված հոլովակներում, բայց դրանք չափազանց լավ տեսք ունեին»,- նշել է Շոուն։

Լրագրողների հետ զրույցում HBO-ի նախագծերի տնօրեն Քայսի Բլոյսը հայտնել է, որ «Վիշապի տունը» այժմ «Գահերի խաղի» միակ սփին-օֆն է, որը հասել է նկարահանման պրոցեսին։ Մշակման փուլում են մի քանի նախագծեր եւս, սակայն դրանք արտադրության առավել վաղ փուլում են։

«Վիշապի տունը» սերիալի թողարկման հստակ օրը հայտնի չէ, այն ամբողջությամբ նկարահանված չէ։ Այժմ նկարահանումներն ընթանում են բրիտանական Քորնուոլում, ենթադրվում է, որ նկարահանող խումբը շուտով Իսպանիա կտեղափոխվի։ «Վիշապի տան» պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ին։  



© NEWS.am STYLE