13:05 3 հուլիսի, 2021Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է իրականացրել NEWS.am STYLE-ի լուսանկարիչ Արսեն Սարգսյանի հետ:
Դերասանուհին պատասխանել է նաեւ մեր բլից հարցաշարին՝ անդրադառնալով իր ուժեղ ու թույլ կողմերին, դեպրեսիաներին, դրանք հաղթահարելու իր մեթոդներին, կորուստներին ու ձեռքբերումներին…
Որտե՞ղ կուզեիր լինել այս պահին:
Շրի Լանկայում:
Ո՞ւմ հետ կուզեիր լինել այնտեղ:
Իմ երազանքների տղամարդու:
Ի՞նչ կուզեիր անել այս պահին:
Կուզեի արեւի տակ պառկած գիրք կարդալ ծովի ափին:

Ո՞ր հայտնի մարդուն կխնդրեիր ստորագրել քեզ համար:
Ուիլ Սմիթին, Մեթյու ՄաքՔոնահիին, Մերիլ Սթրիփին, Մորգան Ֆրիմանին, Վիոլա Դեւիսին:
Ի՞նչ կասեիր հանդիպելիս:
Ուիլ Սմիթին կասեի, որ խենթանալու աչքեր ունի ու աստվածային տաղանդ:
Կյանքիդ ո՞ր պահը կուզեիր կանգ առներ:
18 տարեկանս, ուսանող լինելս:

Որտե՞ղ ես ավելի հաճախ լինում՝ անցյալո՞ւմ, ներկայո՞ւմ, թե՞ ապագայում:
Անցյալում ու ներկայում հավասարապես, մի փոքր էլ՝ ապագայում: Անցյալում շատ լինելն իմ ամենամեծ թերությունն է:
Կուզեի՞ր կանխագուշակել ապագադ՝ սխալներից խուսափելու համար, թե՞ անկանխատեսելի ապրելն ավելի հետաքրքիր է:
Կանխագուշակել կուզեի, բայց հստակ իմանալ՝ ոչ:
Եթե էլի ծնվեիր, ո՞ւմ կյանքով կուզեիր ապրել:
Կուզեի նույն ոգով ծնվեի, բայց՝ ծովափնյա, խելառ մի տաք երկրում:
Քո ուժեղ ու թույլ կողմերը:
Մարդասիրությունն ու նվիրվածությունը, իսկ թույլը՝ շտապողականությունն ու չափից շատ ներողամտությունը:

Թուլություն, որը քեզ խանգարում է:
Երեւի՝ հիշաչար չլինելը, մարդկանց շուտ ներելը եւ համապատասխան վերաբերմունքով չհակադարձելը:
Թաքնված տաղանդ ունե՞ս, որի մասին քչերը գիտեն:
Կարծում եմ՝ այդպիսիք չկան, կամ էլ դեռ չեն արթնացել (ծիծաղում է):
Եթե ոսկե ձկնիկ բռնեիր՝ քո երեք ցանկությունները:
Կցանկանայի, որ բոլոր հիվանդ երեխաներն առողջանային, գումարն անկարեւոր դառնար եւ ամբողջ աշխարհում մարդկանց հոգիները մաքրվեին ու համատարած սեր սկսվեր՝ աշխարհի, բնության, հոգիների ու մարդկանց հանդեպ:

Այս պահին ի՞նչ կպչուն մտքեր են քեզ անհանգստացնում:
Շատ-շատ են: Մի ամբողջ թեզ կարող եմ պաշտպանել կպչուն մտքերիս մասին (ծիծաղում է):
Նախընտրում ես շփվել գրելո՞վ, թե՞ հեռախոսազրույցի միջոցով:
Միայն կենդանի շփում եմ սիրում, կամ գոնե՝ հեռախոսազրույց: Գրավոր շփումը տանել չեմ կարողանում:
Երբ հարցնում են՝ «Բա ե՞րբ ես ամուսնանալու», ի՞նչ ես պատասխանում:
Երբ որ գտնեմ իմին:

Դեպրեսիվ շրջան ունեցե՞լ ես:
Ունեցել եմ ու այս պահին էլ ունեմ:
Ինչպե՞ս ես փորձում հաղթահարել դա:
Աշխատանքովս եմ փորձում ազատվել դեպրեսիայից: Ամեն բան էլ մարդու համար է, պարզապես պետք է չհանձնվել, պայքարել ու ամեն բան հաստատ լավ կլինի:
Ինչպիսի՞ մեկնաբանությունների ես հաճախ պատասխանում համացանցում:
Գրեթե բոլորին, որոնց հարկավոր է պատասխանել:

Ամենամեծ կորուստը, որ ունեցել ես կյանքում:
Դրանք մարդկային բնույթի են եւ ընկերների՝ այլեւս չլինելու հետ են կապված:
Ամենամեծ ձեռքբերումդ:
Այն ամենն, ինչ այս պահին ունեմ, ձեռքբերում է՝ թե մեծ, թե փոքր, ու ամենի համար շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս ու իմ հանդիսատեսին՝ ինձ սիրելու ու գնահատելու համար:
Սյունե Առաքելյան
Նկարահանումն իրականացվել է Photon Studio-ում