Վանիլաբույր ամառային համտես-երեկո` ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար (ֆոտո)

14:17   3 հուլիսի, 2021

Ֆրանսիական ամենահայտնի դեսերտներից  «Փարիզ բրեստ»-ի հեղինակը ֆրանսիացի հրուշակագործ Լուի Դյուրանդն է։ Նուրբ կրեմային միջուկով և պնդուկի պրալինով լցոնված օղակաձև այս դեսերտը Դյուրանդը ստեղծել է 1910 թվականին, անունն ընտրելիս էլ երկար չի տատանվել՝ «Փարիզ բրեստ», քանի որ այդ ժամանակ իր հրուշակարանի մոտակայքում անցկացվում էր Փարիզ-Բրեստ-Փարիզ ամենամյա  հեծանվավազքը։

«Փարիզ բրեստի» եւ այլ ճանաչված ու սիրված աղանդերի հետաքրքիր նախապատմությունները SEASONS SWEETLAND-ում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար կազմակերպված համտես-երեկոյի ընթացքում ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթս ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։ Լրագրողները համտեսեցին նաև միլֆեյ, կարամելով էկլեր, կրեպ-տորթ, բելգիական շոկոլադի հումքով պատրաստված տարատեսակ բոնբոններ, իսկ Անահիտ Միքայելյանը ծանոթացրեց հեղինակային հրուշակեղենին, պատրաստման առանձնահատկություններին, SEASONS SWEETLAND հրուշակարանի կոնցեպտին ու  մոտեցումներին։ 

Շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, և իր համար սիրելի երաժշտության աշխարհը, ինչպես  ինք է նշում,  արտացոլել է հրուշակագործությունում՝ յուրաքանչյուր  հրուշակեղեն ներկայացնելով որպես «քաղցր սիմֆոնիա»․

 «Հրուշակեղենը  պետք է լինի ոչ միայն համեղ, այլև երաժշտության պես հույզեր և հաճելի զգացողություններ արթնացնի։ Ինչպես ամեն երաժիշտ ցանկացած  ստեղծագործություն ներկայացնում է  յուրովի, այնպես էլ  ամեն հրուշակագործ անգամ մեզ բոլորիս հայտնի թխվածքները պատրաստում է իր ձեռագրով։ Մենք, օրինակ, փորձում ենք թխվածքի բաղադրատոմսը ոչ թե ամբողջությամբ փոփոխել, այլ ստանալ մեր տարածաշրջանում ընդունված,  հյուրերի և բնակիչների համար հաճելի համը։ Եվ ամենակարևորը հրուշակեղենի նույն համը տեսքն ու որակը մշտապես ապահովելն է»։

 SEASONS SWEETLAND-ի նրբահամ հրուշակեղենն ու պաղպաղակները պատրաստվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում արտադրվող, «Yeremyan Products» բարձրորակ և անարատ կաթնամթերքից։

Երևանյան ամառային երեկոն ուղեկցվեց կիթառի հնչյուններով  և ամփոփվեց մայրաքաղաքի բնակիչների  ու հյուրերի համար սիրելի դարձած այգու գունեղ շատրվանների լուսային, երաժշտական շոույով։ Երեկոյի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներն ու բլոգերները հատուկ ֆոտոարշավի շրջանակում լուսնկարվեցին SEASONS GELATERIA-ի բնական ու գունեղ պաղպաղակներով։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE