Կյանքից հեռացել է լեգենդար հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը

12:41   6 հուլիսի, 2021

Այսօր 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: 

«Աշխարհն այս գիշեր կրեց աներեւակայելի կորուստ: Նա ոչ միայն լեգենդ էր, այլեւ՝ գեղեցիկ հոգու տեր անձնավորություն: Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Աշխարհահռչակ դուդուկահարն իր գործունեության ընթացքում գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեըներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956 թ-ին, 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ ստացել է ոսկե մեդալ: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում: Ջիվան Գասպարյանը հայտնի է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ այս ցանկը կարեկի է դեռ շարունակել: 2010 թ-ին նրա դուդուկը հնչել է նաեւ «Եվրատեսիլ»-ի բեմում: Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը: Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն:



© NEWS.am STYLE