74-րդ միջազգային Կաննի կինոփառատոն․ ովքեր են հավակնում հաղթանակի

21:02   6 հուլիսի, 2021

Կաննի փառատոնը երկամյա ընդմիջումից հետո մեկնարկում է Ֆրանսիայի Լազուրե ափին, այս տարի ժյուրիի դատին կներկայացվեն ավելի քան 60 ֆիլմեր, հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված են 24-ը։ Դրանց թվում են Լեոս Կարակսի, Փոլ Վերհովենի, Ուես Անդերսոնի, Ասգար Ֆարհադիի, Կիրիլ Սերեբրեննիկովի եւ Ֆրանսուա Օզոնի ֆիլմերը:

Կինոփառատոնի ծրագիրը կբացի ֆրանսիացի կինոռեժիսոր Լեոս Կարակսի «Աննետ» անգլալեզու գեղարվեստական երաժշտական ֆիլմը, որը պատմում է ստենդափ-կոմիկի մասին, որը կորցրել է իր կնոջը՝ օպերային երգչուհուն, եւ երկու տարեկան դստեր հետ մնացել է միայնակ։ Կինոնկարի գլխավոր դերերը կատարել են Ադամ Դրայվերը եւ Մարիոն Կոտիյարը:

Արդեն հայտնի է, որ «կինոարվեստում ունեցած ավանդի համար» մրցանակի դափնեկիր կդառնա ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը:

Կաննում փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 17-ը եւ կավարտվի հաղթողների պարգեւատրման արարողությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի կինոփառատոնը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի պատճառով։ 2019 թվականին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Հարավկորեական «Մակաբույծներ» ֆիլմին: Փառատոնի գրան պրին ստացել է Մատի Դիոպը՝ «Ատլանտիկ» ֆիլմի համար։



© NEWS.am STYLE