Քիչ բյուջեով, բայց մեծ հաղթանակով. հայ-ամերիկյան «Samuum» խումբը Berlin Music Video Awards-ում իրենց տեսահոլովակի զբաղեցրած պատվավոր հորիզոնականի մասին

14:05   10 հուլիսի, 2021

Հունիսի 29-ին կայացած «Berlin Music Videօ Awards» հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ հայ-ամերիկյան «Samuum» խումբն արժանացավ պատվավոր մրցանակի: Խմբի առաջին՝ «Մարիա» տեսահոլովակը «Best Law Budget Video» (Քիչ բյուջեով նկարահանված լավագույն տեսահոլովակ. այս անվանակարգում ներկայացված տեսահոլովակների բյուջեն չի գերազանցել 3000 եվրոն) անվանակարգում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Տվյալ մրցանակաբաշխության շրջանակում տարբեր անվանակարգերում մրցակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ՝ աշխարհահռչակ արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են՝ Rolling Stones-ը, Cardi B-ն եւ Ջեյմս Բլեյքը:

Հայ-ամերիկյան «Samuum» խումբն իր առաջին քայլերն է անում երաժշտական ասպարեզում, բայց ինչպես  հուշում է առաջին հաջողությունը՝ իրենց առջեւ արդեն իսկ մեծ նպատակներ են դրել: Խմբի անդամներն են՝ Լուսինե Քոչարյանը, Անդրանիկ Բերբերյանը, Եվգենիյ Պավլովսկին եւ Վլադ Տրիֆոնովը:

«Samuum»-ի ստեղծման, անվան ընտրության, հաղթանակի ու նպատակների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է խմբի անդամների հետ:

Խումբը ստեղծել են Լուսինե Քոչարյանն ու Անդրանիկ Բերբերյանը:

«Լուսինեն շատ է պատմել այն մասին, թե ինչպիսին է կնոջ ազատության մշակույթը Հայաստանում: Հենց դա ոգեշնչեց ինձ ստեղծել այդ հզոր ու խորաթափանց երաժշտությունը, որը կարող էր արտացոլել այդ էներգիան եւ ներկայացնել մերձարեւելյան աղջկա պայքարն իր իրավունքների համար»,-նշեց Անդրանիկը:

Ինչ վերաբերում է խմբի անվանը՝ «Samuum»-ը տերմին է, որը բառացի թարգմանվում է, որպես «ավազամրրիկ»:

«Մի անգամ Ամմանում ես ավազամրրիկի ականատես դարձա. փոշին պատել էր ամբողջ քաղաքը, ու շատ էի զարմացել, թե որքան հզոր կարող է լինել դա: Մեզ այդ երեւույթն ինքնին շատ է դուր գալիս՝ ոչինչ չի կարող թաքնվել դրանից, դժվար ինչ-որ բան կարողանա խուսափել դրա հարձակումից: Մենք ցանկանում ենք, որ մեր երաժշտությունը մեր ավանդույթների ամրությունը հենց այդ միջոցով ստուգի, ինչպես որ ավազամրրիկն է փորձում կառույցների ամրությունը: Հավերժական ու հավատարիմ ավանդույթները կանգուն կմնան, ժամանակավորները՝ կմաքրվեն»:

Բեռլինյան հեղինակավոր մրցանակաբաշխությունը գրաված «Մարիա» տեսահոլովակը նկարահանվել է 2019 թ-ի հոկտեմբերին՝ Հայաստանում՝ Արենիում, Նախիջեւանի սահմանին, Երասխում եւ Տիգրանաշենում: Ռեժիսորներն են՝ Անդրանիկ Բերբերյանն ու Լեւոն Բակունցը: Խմբի անդամների խոսքով՝ տեսահոլովակի հիմքում ավանդույթի ուսումնասիրությունն է եւ այն, թե ինչպես է դա ազդում մեր հասարակության ու ամենօրյա կյանքի վրա: Մասնավորապես խոսքը  կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին է: Ինչպես նշում են նրանք՝ ներքուստ արդեն գիտեին, որ մասնակցելու էին «Berlin Music Video Awards»-ին:

«Հենց դա ինքներս մեզ խոստացանք, երբ նկարահանման առաջին օրը մեր ավտոմեքենան փչացավ: Երկու տարբերակ ունեինք՝ կամ ընդհատել ընթացքը, կամ էլ՝ ջանք չխնայելով նկրահանել ու դրա արդյունքով «վերցնել» Բեռլինը: Եթե անկեղծ լինենք՝ հիմա աշխարհի  հետաքրքրությունը Հայաստանի ու Մերձավոր Արեւելքի հանդեպ մեծ է, իսկ մեր ձեռքերում կար հայկական արտադրություն, որն ակնհայտորեն ուներ արտահանման ներուժ: Այդ պատճառով էլ մենք արտոնություն էինք զգում մյուս մրցակիցների հանդեպ, անգամ՝ ամենահայտնիների: Մեզ համար իրական մրցակից էին «Disclosure»-ը եւ «Slowthai»-ն, բայց իրենց այլ անվանակարգերում ներառեցին, եւ դրանից հետո մեզ համար էլ չկար մրցակից»,-նշեց երաժիշտը՝ հավելելով,- «Մեր տեսահոլովակը ուշադրության արժանացավ իր դիմագծի շնորհիվ: Մենք թիրախային ռեփերներ չենք, չենք գնում փիառի հետեւից, չենք դաջում մեր դեմքն ու ընկնում ժամանակակից այլ բաների հետեւից: Մենք պատմում ենք մեր ազգի կյանքի «ետնաբեմի» մասին, եւ դրան վերաբերվում ենք սիրով ու, իհարկե՝ հումորով: Կարծում ենք՝ ցանկացած փառատոնին էլ հաճելի է տեսնել անկեղծություն եւ ոչ շաբլոն պատմություններ: Արեւելքի կինը, որը համարձակորեն ու ակտուալ լեզվով խոսում է իր ճակատագրի մասին, հենց այդպիսին է, այդպես չէ՞»:

Խմբի վոկալիստ Լուսինե Քոչարյանը լայն զանգվածներին հայտնի է նաեւ «Ուկրաինայի Ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանից, որի «Կույր լսումներ» փուլում ժյուրիին ոտքի էր հանել «Սարերի հովին մեռնեմ» երգի կատարմամբ: Երգչուհին ԱՄՆ-ում է բնակվում 2017 թ-ից: Ասում է՝ Ամերիկան, նրա ձայնը, մշակույթը, շոու-բիզնեսի կանոնները մեծ ազդեցություն են ունեցել իր վրա:

«Այդ է պատճառը, որ «Samuum»-ը ներկայացնում ենք, որպես հայ-ամերիկյան նախագիծ: Մեր առաջին համերգը կկայանա հենց Լոս Անջելեսում, այստեղ ուզում ենք ուշադրություն սեւեռել հայկական մշակույթի վրա: Հատուկ շեշտադրությունը կդնենք հայտնի արտիստների հետ համագործակցությունների վրա՝ մաքսիմալ առաջ տանելով մեր հարազատ լեզուն, որպեսզի դրա հնչողությունը հասանելի ու մատչելի դառնա ավելի մեծ լսարանին»,-ասաց երգչուհին:

Անդրադառնալով խմբի ոճին՝ Լուսինեն հավելեց.

«Ճիշտն ասած՝ կարծում եմ՝ մենք ներկայացնում ենք արեւելյան ժամանակակից փոփ երաժշտություն: Հնչողությամբ այն միքս է փոփի, հայկայան էթնոյի եւ noise rock-ի: Բայց ավելի կարեւոր է մեր ոճի փոխաբերությունը. մենք երաժշտության միջոցով փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին է կյանքն այսօր Մերձավոր Արեւելքում եւ Հայաատանում: Ուզում ենք այս անհանգիստ ժամանակաշրջանի ձայնային փաստաթուղթը ստեղծել՝ դա է մեր գերնպատակը»:

Խումբը վերջին շրջանում զբաղված էր առաջին ձայնասկավառակի աշխատանքներով: Այն արդեն պատրաստ է ու ներառում է 15 երգ:

«Այս ձայնասկավառակի թողարկմանը մենք երկար տարիներ ենք եկել: Գիտե՞ք կան այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են, օրինակ, RHCP խմբի «Californication»-ը, SOAD-ի «Steal This Album»-ը, «Linkin Park»-ի «Meteora»-ն, «Pink Floyd»-ի «Dark Side of The Moon»-ը.... Սրանք պատմում են մի ամբողջական ու կարեւոր պատմություն: Համոզված ենք, որ մեր ալբոմն էլ ոչ պակաս հավաք ու ամբողջական կլինի»,-նշում են խմբի անդամները:

Ինչ վերաբերում է բեռլինյան մրցանակաբաշխության հաջողության տրամաբանական շարունակությանը՝ հայկական խումբը վստահեցնում է՝ իրենց նպատակները մեծ են.

«Մեր առաջին տեսահոլովակի հաջողությունից պարզ է դառնում, որ երաժշտական մրցանակաբաշխությունների ոլորտում մենք մեր առջեւ ամենաամբիցիոզ նպատակներն ենք դրել: Այսպես ասած՝ «սպորտային հետաքրքրությունը» մեզ համար պակաս նշանակություն չունի, բայց մեդալների ու գավաթների մասին կխոսենք միայն հաղթանակներից հետո»:

Հավելենք, որ «Մարիա» երգի հեղինակներն են Լուսինե Քոչարյանը, Անդրանիկ Բերբերյանն ու Եվգենիյ Պավլովսկին: Ձեւավորումը կատարել են Ալեքսեյ Գորբիկն ու Վլադ Տրիֆոնովը:  Ձայնագրությունը կատարվել է Լոս Անջելեսում՝ Եվգենիյ Ստուպկիի ղեկավարությամբ, որն աշխատել է նաեւ «Օկեան Էլզիի» եւ Զեմֆիրայի հետ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Samuum-ի Facebook-ից



© NEWS.am STYLE