Երդվյալ ընկերուհիներ․ Քեյթ Միդլթոնը եւ Մեգան Մարքլը վերջ են դրել «պատերազմին»

12:13   11 հուլիսի, 2021

Չնայած, որ արքայազն Ուիլյամն ու Հարին դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, նրանց կանայք, ըստ երեւույթին, հիանալի հարաբերություններ ունեն։ Աղբյուրի խոսքով՝ Մեգան Մարքլը եւ Քեյթ Միդլթոնը կապի մեջ են փոքրիկի՝ Լիլիբեթի ծնվելուց ի վեր:

Այս տարվա հունիսին արքայազն Հարին եւ Մեգանը դուստր են ունեցել, որին տվել են Լիլիբեթ Դիանա անունը՝ ի պատիվ Եղիսաբեթ թագուհու եւ արքայադուստր Դիանայի: Հետագայում Քեյթ Միդլթոնը լրագրողներին ասել է, որ «անհամբեր սպասում է փոքրիկի հետ հանդիպմանը»։

Աղբյուրը US Weekly-ին հայտնել է, որ Լիլիբեթն օգնել է միավորել թագավորական ընտանիքին: Այժմ Մեգանը եւ Քեյթը վերջին նորությունները փոխանակում են մեսիջներով: «Մեգանի եւ Քեյթի միջեւ լարվածությունը նվազել է։ Նրանց հարաբերությունները հիմա շատ ավելի լավ են։ Քեմբրիջի դքսուհին Լիլիբեթի համար նվերներ է ուղարկում», - հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքի անդամների հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական լիազորություններից եւ հեռացել են Մեծ Բրիտանիայից: Կրակի վրա յուղ լցրեց ամուսինների հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, որում Մեգանը պատմել է, որ պալատում իրեն նվաստացրել են եւ լացացրել:

Լուսանկարները՝ GettyImages

 



© NEWS.am STYLE