5 ամենատարածված սխալները, որոնք թույլ եք տալիս ամռանը մաշկը խնամելիս

23:14   17 հուլիսի, 2021

Bazaar-ը ներկայացրել է ամենատարածված սխալները, որոնք թույլ ենք տալիս ամռանը մաշկի խնամքի հարցում։

Սխալ եք քսում արեւապաշտպան միջոցները

Ամեն օր արեւապաշտան միջոց օգտագործելու (ընդ որում, ոչ միայն ամռանը) անհրաժեշտության մասին գիտեն բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ օգտագործել այն։ Շատերն SPF գործակցով քսուքները տարածում են միայն դեմքին՝ մոռանալով իրանի եւ դեկոլտեի հատվածի մասին։ Այդ հատվածի մաշկը պակաս կարեւոր չէ, քան դեմքինը եւ նույն կերպ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանության կարիք ունի։

Արեւապաշտպանը տարածում եք միայն մեկ անգան

Ցանկացած արեւապաշտպան միջոց իր էֆեկտիվությունը պահպանում է ընդամենը մի քանի ժամ։ Եթե SPF գործակցով քսուքն օգտագործում եք մեկ անգամ՝ առավոտյան, իսկ օրվա ընթացքում չեք թարմացնում, ձեր մաշկը կրկին խոցելի է դառնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Եթե ծրագրում եք երկար ժամանակ անցկացնել փողոցում՝ արեւի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ, քսուքը հարկավոր է թարմացնել ամեն ժամ։

«Ձմռային» միջոցներ եք օգտագործում

Եթե նախորդ ձմռանը ձեզ հաջողվել է գտնել այն քսուքը, որը ե՛ւ սնուցում է,  ե՛ւ խոնավեցնում, ե՛ւ հարթեցնում մաշկի ռելիեֆը, մի շտապեք ուրախանալ․ շոգ եղանակին այն կարող է առհասարակ չհապատասխանել։ «Ձմեռային» միջոցները, որոնք հագեցած են սնուցող բաղադրիչներով  եւ յուղերով, կարող են չափազանց ծանր լինել ամռան համար եւ յուղային փայլի, ծակոտիների խցաման եւ նույնիսկ բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Ամառային խնամքի համար համապատասխանում են թեթեւ խոնավեցնող միջոցները, որոնք լեցիտին, գլիցերին եւ հիալուրոնաթթու են պարունակում։

Խիտ դիմահարդարում եք ընտրում

Ամռանը մաշկի համար առանց այն էլ հեշտ չէ․ քրտինքը, փոշին, SPF-ի մնացորդները խցանում են ծակոտիներն ու մաշկին խանգարում շնչել։ Եթե սրան ավելացնենք նաեւ կոսմետիկայի խիտ շերտը, իրավիճակը բոլորովին տխուր է դառնում եւ կարող է հանգեցնել բշտիկների առաջացման, եթե նույնիսկ հակված չեք դրան։ Իդեալական կլինի, եթե ամռանն առհասարակ հրաժարվեք տոնային քսուքներից, իսկ դիմահարդարման կարիքը բավարարեք վառ շրթներկերի եւ ստվերաներկերի միջոցով։ Սակայն եթե ամեն դեպքում ցանկանում եք թաքցնել որոշ անհարթություններ, թեթեւ BB քսուքներ ընտրեք։ Դրանք այդքան չեն խցանում ծակոտիները, մաշկին թույլ են տալիս շնչել, իսկ բաղադրիչների ցանկում նույնիսկ SPF կա։

Առավոտյան սկրաբեր կամ պիլինգ եք օգտագործում

Պիլինգն օգտակար պրոցեդուրա է, որը հարկավոր է մաշկի ռեգեներացիայի գործընթացները գործի գցելու համար, սակայն արգելված է դրանք անել փողոց դուրս գալուց առաջ։ Նույնիսկ ամենանուրբ շերտազատողները մաշկին միկրովնասվածքներ են հասցնում՝ այն հատկապես զգայուն դարձնելով։ Այդ մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է պիգմենտավորում եւ նույնիսկ այրվածքներ առաջացնել, որոնց հետեւանքներից հետագայում ստիպված կլինեք երկար ազատվել։

https://bazaar.ru/beauty/reviews/5-camyh-rasprostranennyh-oshibok-v-letnem-uhode-za-kozhey/



© NEWS.am STYLE