Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի աղմկահարույց հարցազրույցն առաջադրվել է «Էմմի»-ում

23:11   15 հուլիսի, 2021

Հայտնի է դարձել, որ հեռուստաաստղ Օփրա Ուինֆրիի հետ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցը նոմինացվել է «Էմմի» մրցանակի: Այս տարվա մարտից մինչեւ հուլիս YouTube-ում այն դիտել են ավելի քան 22 միլիոն անգամ:

Այժմ Օփրայի աշխատանքը կարող է լավագույնը դառնալ միանգամից երկու կատեգորիաներում՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Լավագույն հատուկ ռեպորտաժ», հաղորդում է Daily Star-ը:

Նշենք, որ Անգլիայում միապետների հետ հարցազրույցի հրապարակումից հետո իսկական սկանդալ է սկսվել։ Բանն այն է, որ Հարին ու Մեգանը չափազանց շատ ցնցող մանրամասներ են պատմել թագավորական ընտանիքում իրենց կյանքի մասին։

Օրինակ՝ հարազատները շատ էին անհանգստանում իրենց փոքրիկ որդու՝ Արչիի մաշկի գույնի պատճառով, իսկ երբ Մեգանը դեպրեսիայի մեջ էր, պալատում նրան հրաժարվել էին մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերել։



© NEWS.am STYLE