Քաղցկեղից մահացել է հայտնի դերասանուհի, Խավյեր Բարդեմի մայրը

15:01   18 հուլիսի, 2021

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Պիլար Բարդեմը հեռացել է կյանքից: Նա 82 տարեկան էր։ 52-ամյա Խավյեր Բարդեմի մայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Պիլարը եղել է մոլի ծխող, նույնիսկ լուրջ առողջական խնդիրները չեն օգնել նրան հրաժարվել վնասակար սովորությունից։ Դերասանուհու մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, որը նա այդպես էլ չի կարողացել հաղթահարել։ Նրան տեղափոխել են Մադրիդի լավագույն կլինիկաներից մեկը, սակայն բժիշկներն անզոր են եղել։

Pilar Bardem Photos and Premium High Res Pictures - Getty Images

«Մենք ցանկանում ենք կիսվել դառը լուրով այն մասին, որ մեր մայրը, ամեն ինչում մեր օրինակը, մահացել է։ Նա հեռացել է խաղաղությամբ, առանց տառապանքների եւ շրջապատված է եղել իր հարազատների սիրով», - El Pais թերթին տված հարցազրույցում պատմել են հանգուցյալի երեխաները՝ Կարլոսը, Մոնիկան եւ Խավյերը։

Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Պիլարը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում, 43 պիեսներում եւ 31 սերիալներում: «Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մենք մահանանք» ժապավենի դերի համար դերասանուհին արժանացել է հեղինակավոր՝ «Գոյա» մրցանակի։ Բացի այդ, Պենելոպա Քրուսի սկեսուրը ակտիվորեն պայքարում էր կանանց իրավունքների համար եւ դրա շնորհիվ հատկապես հայտնի է եղել Իսպանիայում:

Լուսանկարները՝ AFP/ GettyImages



© NEWS.am STYLE