Մոլագարը, որը սպանել է Էշթոն Քաթչերի ընկերուհուն, մահապատժի է դատապարտվել

16:34   19 հուլիսի, 2021

Մոլագար Մայքլ Գարջուլոն, որը հայտնի է որպես «հոլիվուդյան մարդասպան», դատապարտվել է մահապատժի երկու կնոջ սպանության եւ մի աղջկա նկատմամբ մահափորձի համար, հայտնում է NBC News-ը։

2001թ․-ին նրա զոհ է դարձել Էշլի Էլերինը՝ ամերիկացի դերասան Էշոթոն Քաթչերի 22-ամյա սիրելին։ Գարջուլոն նրան սպանել է զույգի հանդիպումից ժամեր առաջ։ Այդ օրը Քաթչերը գնացել է աղջկա տան մոտ՝ նրան հանդիպելու, սակայն դուռը չէին բացել, իսկ Էլերինն այդպես էլ չի պատասխանել զանգերին։ Առավոտյան նրա մարմինը հայտնաբերել է հարեւանուհին․ դիակի վրա դանակի 47 վնասվածք է եղել։

Աշխատելով որպես անվտանգության աշխատակից, օդորակիչներ նորոգող, ինչպես նաեւ դերասան՝ 45-ամյա Գարջուլոն հարձակումներ է գործել 15 տարի։ Հայտնի է, որ «հոլիվուդյան մարդասպանն» ապրել է Քաթչերի ընկերուհու հարեւանությամբ։ Ողբերգությունից հետո արտիստն ակտիվորեն համագործակցել է քննության հետ, ցուցմունքներ տվել եւ ամեն կերպ օգնել հետաքննությունը՝ հայտնաբերելու սիրելիի մահվան մեղավորին։

Տարիներ անց Գարջուլոն եւս մեկ երիտասարդ աղջկա է սպանել, իսկ 2008թ․-ին կարող էր կյանքից զրկել երրորդին, որին հաջողվել է ողջ մնալ եւ ոստիկանությանը հետքի վրա տանել։ Տղամարդուն մեղավոր են ճանաչել 2019թ․-ի օգոստոսին, սակայն կորոնավիրուսի համավարակը ձգձգել է դատական քննությունը։ Մահապատժի տեսքով պատժի որոշումը կայացրել է Լոս Անջելեսի բարձրագույն դատարանի դատավորը։ Այս պահին «հոլիվուդյան մարդասպանը» սպասում է դատաքննությանը մեկ այլ մարդու՝ Տրիշի Պակաչոյի սպանության համար, որը նա կատարել է 1993թ․-ին Իլինոյս նահանգում։

 



© NEWS.am STYLE