«Մեկուսացման ոգեշնչում». Մարինե Գյուլումյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսն ու այն եզակի համարելու պատճառը (ֆոտո)

17:04   19 հուլիսի, 2021

Երեկ՝ հուլիսի 18-ին, «Երեւանյան Էսքիզ» գրախանութում կայացավ ֆրանսիաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի նոր՝ «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում հեղինակը ներկայացրեց յուրաքանչյուր երգի ստեղծման պատմությունը եւ մակագրեց ներկաների համար։ Երեկ ներկայացվեց նաեւ Մարինեի մայրիկի՝ նկարչուհի Կարինե Հարությունյանի կտավների ցուցահանդեսը։  

Կոմպոզիտորը տեղեկացրեց, որ ձայնասկավառակում տեղ գտած երգերը ստեղծվել են համավարակի օրերին։

«Մեկուսացման օրերը ինձ համար լի էին նոր երգերի ծննդով, որոնք պարբերաբար կիսեցի իմ երկրպագուների  հետ՝ անդադար ներկայացնելով դրանք նոր ձեւաչափով։ Ինձ համար էլ էր բացահայտում, քանի որ չէի պատկերացնում, որ պարփակված պայմաններում հնարավոր է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ նոր երգ ներկայացնել՝ նոր գործիքավորման եւ նոր  «տեսահոլովակի» տեսքով, որոնց վրա գիշեր-ցերեկ աշխատում էի միայնակ, հեռահար՝ համակարգչի առջեւ  (իհարկե, իմ գաղափարի շուրջ հավաքելով մի շարք հիանալի երաժիշտների, որոնք սիրով միացան ինձ օնլայն հարթակում)։  Դրա արդյունքում ունեցա 10 նոր երգեր, որոնք սիրվեցին երաժշտասեր հասարակության կողմից եւ տեղ գտան իմ նոր՝ թվով չորրորդ ձայնասկավառակում»։

Մարինեն տեղեկացրեց, որ ձայնասկավառկն իր համար եզակի է՝ ստեղծման «արտասովոր պայմանների պատճառով».

«Պարփակված լինելու պայմաններում ստեղծագործելն ինձ համար մեծ հաճույք էր, որն անում էի ողջ եռանդով՝ գիտակցելով, որ իմ ստեղծագործությունները կարող են երաջանկացնել կամ սփոփել մեկ ուրիշին, ով փակվելով տանը, գուցե, դեպրեսիայի շեմին է։ Այսպիսով 2 ամիս անդադար փակված ստեղծագործելու արդյունքում այսօր ունեմ «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակը, որտեղ մասնակցություն են ունեցել Իվետա Մուկուչյանը «Երկար գարուն» երգով, ֆրանսիայից՝ շնորհալի Էրմոնիան «Հանդիպում» եւ «Կլեոպատրա» երգերով (որը ի դեպ գրել եմ Շառլ Ազնավուրի տեքստի հիման վրա, իր իսկ առաջարկով «Éditions Raoul Breton» ընկերությունում աշխատելուս տարիներին), Վալանսից՝ անկրկնելի Անգինեն, Բրյուսելից՝ Տիգրան Խանջարյանը «Հին ու նոր Հայաստան» երգով եւ, վերջապես, աղջիկս՝ Մադլենը «Լա Բոհեմը» երգով (որը ձայնասկավառակի վերջին բոնուսային երգն է և այս կատարումը մեծ արձագանք է ստացել Ազնավուրի պաշտոնական կայքում): Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև բոլոր երաժիշտներին, ովքեր սիրով մասնակցեցին այս պրոեկտին եւ չնայած հոգեպես դժվար պայմաններին՝ իրենց մեջ ուժ գտան եւ դրական էմոցիաներով լցրին մյուսների՝ մռայլ ու հուսալքված առօրյան (Արտյոմ Մինասյան՝ դուդուկ, բլուլ, Ժուլիեն Թեքեյան՝ հարվածայիններ, Ջեֆ Թեքեյան՝ բաս կիթար եւ ամուսինս՝ Ադրիան Տաբանու՝ ակուստիկ եւ էլեկտրոնային կիթառ)։ Երջանիկ եմ, որ այս նախաձեռնությանը սատար է կագնել  «My Ouai » կազմակերպությունը (ղեկավար՝ Ժան Միշել Կամֆ), ով իր բարի գործով օգնում է Գյումրիում հայ մանուկների բուժմանն ու Մեծ Մասրիկում դպրոցաշինությանը»։

Կոմպոզիտորի ձայնասկավառակն առկա է համացանցի բոլոր հնարավոր հարթակներում՝ iTune, Spotify, TikTok, Amazon, YouTube, ինչպես նաեւ՝ «Երեւանյան Էսքիզ» գրախանութում։



© NEWS.am STYLE