«Ամարաս»-ի հաշվետու համերգը, որի հատուկ հյուրը Միհրան Ծառուկյանն էր. Վիկա Մարտիրոսյանը՝ պարային համույթի «բուռն» ծրագրերի մասին (ֆոտո)

17:21   20 հուլիսի, 2021

«Ամարաս» պարային համույթը երեկ՝ հուլիսի 19-ին, ներկայացավ հաշվետու համերգով: Համույթի տարբեր տարիքային խմբերը ելույթ ունեցան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ ներկայացնելով այն հմտություններն ու պարերը, որոնք սովորել են վերջին տարվա ընթացքում: «Ամարաս»-ի գեղարվեստակասն ղեկավար Վիկա Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ թե´ պարուսույցները, թե´ սաները անչափ կարոտել էին բեմը, քանի որ նախորդ տարվա իրադարձություններից ելնելով՝ տեւական ժամանակ ելույթներ չեն ունեցել:

«Ուսումնական տարեվերջին մենք միշտ ունենում ենք հաշվետու համերգ, հիմա այդ պահն է: Մենք երկու տարուց ավել համերգ չենք ունեցել, կարծում եմ՝ բոլորը գիտեն, թե ինչ հարգելի պատճառներով… Այս համերգին բոլորն են սպասել, կարոտել են բեմը՝ թե´ երեխաները, թե´ մենք: Այս համերգը նաեւ մեր սաների ծնողների համար է, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ ենք արել այս ամիսների ընթացքում ու ինչ արդյունքի են հասել իրենց երեխաները»:

«Ամարաս»-ի հաշվետու համերգն ինչպես ամեն տարի, այս անգամ էլ առանձնացավ հատուկ հյուրի ներկայությամբ. այս տարի սաների ու նրանց ծնողների համար ելույթ ունեցավ Միհրան Ծառուկյանը, որը փաստեց, որ «Ամարաս»-ն այն համույթն է, որի հետ միշտ հաճույքով է աշխատում:

Համերգային ծրագրի շրջանակում եղավ նաեւ հատուկ 20 րոպե՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին:

«Այդ հերոսների թվում է նաեւ մեր սաներից Տիգրանը... Ցավով եմ խոսում այս մասին, բայց փորձել ենք մեր զգացմունքներն արտահայտել պարով»,-նշեց Վիկան՝ հավելելով, որ «Ամարաս»-ում այսօր պարում են նաեւ արցախցի փոքրիկներ, որոնք, ի դեպ, եւս ելույթ ունեցան երեկվա հաշվետու համերգին:

«Միշտ հյուրընկալել ենք այն մարդկանց, ովքեր ունեցել են մեր կարիքը: Արցախից ժամանած շատ տաղանդավոր սաներ ունենք, որոնք մեզ մոտ սովորում են արդեն 4 ամիս: Մեր դռները միշտ բաց են նրանց համար, ու իրենք էլ  բավական լավ աշխատանք են տարել»:

Ի դեպ, այս տարվա համերգին Վիկա Մարտիրոսյանն իր սաներին հանձնեց նաեւ շնորհակալագրեր՝ որպես ոգեշնչում՝ նրանց կամային ու բարեխիղճ աշխատասիրության համար:

Ինչ վերաբերում է պարային համույթի առաջիկա զբաղվածությանը՝ այն բավական մեծ է. «Ծրագրերը շատ-շատ են: Բուռն աշխատանք ենք տանում՝ անբացատրելի քանակի տեսահոլովակներ, համերգներ, ելույթներ, ու այդպես շարունակվելու է: Մենք արդեն նոր տարածքում ենք ու նոր ուժով ենք սկսել աշխատել: Առջեւում շատ մեծ նախագիծ ունենք, որի փակագծերն առայժմ չեմ բացի: Պատրաստվում ենք նաեւ մեծ համերգի: Այս տարի մենք չնշեցինք մեր 25-ամյակը, ինչը կփորձենք անել մյուս տարի»,-նշեց Վիկան:

«Ամարաս»-ի համերգից մի քանի դրվագ՝ մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE