«Պրեմիերայի էի գնացել». կոմերցիոն «Սփեյս Ջեմ. Նոր սերունդը»

14:15   22 հուլիսի, 2021

Ֆիլմը 1996 թվականի «Սփեյս Ջեմի» անմիջական շարունակությունն է։ Մեր հերոսը կինոթատրոններ հասավ միայն հիմա ՝ ճանապարհին փոխելով ռեժիսորին և ունենալով 2 անգամ ավելի բյուջե , քան առաջին մասինն էր (մոտ 160 մլն դոլար)։

Որդուն փրկելու համար NBA-ի հայտնի չեմպիոնը մեկնում է հեքիաթային աշխարհ, որտեղ  նա բասկետբոլի խաղահրապարակում ստիպված է պայքարել հայտնի բասկետբոլիստների  թվային պատճենների դեմ՝ հանդես գալով  մուլտֆիլմի թիմի կազմում:

Սյուժեն գրեթե նույնն է, ինչ առաջին մասինը, տարբերվում է միայն նրանով, որ այստեղ առկա է հայրերի եւ որդիների թեման։

Շարունակությունը գրեթե ամեն ինչում զիջում  է բնօրինակին. սիկվելի միայն  գրաֆիկան է ավելի լավ. դե պարզ է, անցել է  15 տարի, իսկ բյուջեն էլ ավելի մեծ է:

Եթե ​​առաջին մասում կար լավ մթնոլորտ, կային մի քանի հիշարժան դրվագներ, հիանալի հեգնանք 90-ականների բասկետբոլի և Մայքլ Ջորդանի նկատմամբ, ինչպես նաև հնչում էր հիասքանչ «I believe i can fly» երգը, ապա շարունակությունը պարզապես հիպերկոմերցիայի անշունչ ապրանք է և բաղկացած է հղումներից` այն ամենից, ինչ կար Warner Bros-ի «պահեստներում»...

Հեղինակները տարբեր ժապավեններից այնքան կերպարներ են ներկայացրել, որ ավարտին պատկերը հիշեցնում է «Առաջին խաղացողին պատրաստվել» ֆիլմի դեմո տարբերակը։

Եթե դուք «Looney Tunes»-ի, բասկետբոլի եւ Լեբրոն Ջեյմսի երկրպագու չեք, ապա կարող եք հանգիստ բաց թողնել այս միջին ֆիլմը: Կինոն նախատեսված է մեկ անգամ դիտելու համար: Այն ամբողջովին կոմերցիա է և հանդիսանում է  ոչ այնքան հաջող հայացք  դեպի վաղուց մոռացված հինը:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE