Հայ հասարակության մեջ շուտով կվերանա անձի հասկացությունը. ֆրանսիացի ռեժիսորների էքսկլյուզիվ հարցազրույցը NEWS.am STYLE-ին

16:12   7 հոկտեմբերի, 2013

HighFest փառատոնի շրջանակներում Հայաստան է այցելել ժամանակակից արվեստի Heliotropion թատրոնը: NEWS.am STYLE-ը ստացել է թատրոնի տնօրեն, գլխավոր դերակատար, խորեոգրաֆ եւ ներկայացումների հեղինակ Կլոտիլդա Տիրադրիտիի, ինչպես նաեւ հնչյունային ռեժիսոր, երաժիշտ եւ մարտական արվեստների վարպետ Պատրիկ Մատոյանի հետ զրուցելու էքսկլյուզիվ իրավունքը:


Բարի գալուստ Հայաստան, տիկին Տիրադրիտի : Դա Ձեր առաջի՞ն այցն է :

Շնորհակալություն : Արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստան եմ գալիս: Մենք եղել ենք Երեւանում այս տարվա սկզբին եւ աշխատել ենք Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի հետ, որտեղ օգնել ենք դասարաններից մեկին ներկայացում պատրաստել: Ես իտալուհի եմ: Հայերը նման են իտալացիներին իրենց զգացմունքայնությամբ, շփվելու ունակությամբ եւ ազգային հպարտությամբ: Այստեղ գտնվելը ինձ համար շատ հաճելի է:

Տիկին Տիրադրիտի, 2001 թվականից Դուք հանդիսանում եք Heliotropion թատրոնի հիմնադիրը: Ո՞րն է Ձեր թատերախմբի աշխատանքի հիմնական կոնցեպտը:

Մեր թատերախումբը հիմնականում բաղկացած է ինձանից, Պատրիկից եւ էլի մի քանի մարդկանցից : Մեր հիմնական գաղափարն է մարդկանց գիտակցությանը հասանելի դարձնել գլոբալիզացման խնդիրը եւ մարդու՝ անհատի դերը նրանում, անձի եւ տեխնիկական առաջընթացի հավերժական պայքարի խնդիրը: Ես պարում եմ եւ ներկայացնում եմ այն, ինչ կոչվում է քաղաքային խորեոգրաֆիա (chorégraphie urbaine) որոշակի տեսասյուժեի եւ երաժշտության ներքո, որը նվագում է Պատրիկը: Մեր ժամանակներում անձը կորսված է, կորել է նրա « ես »-ը: Մենք բոլորս խամաճիկներ ենք դարձել՝ սպառողների հասարակության մեջ ապրելով: Մեզ անընդհատ պնդում են, որ մենք պետք է գնենք այս կամ այն Iphone-նները կամ Ipad-ները, եւ միայն այդ դեպքում մենք կերջանկանանք: Անձի « ես »-ը ջնջվում է հսկայական շինությունների եւ սարքավորումների մեծ քանակության շրջապատում:

Պատրիկ, Դուք արդեն ութերորդ անգամ եք այցելում Հայաստանը: Ձեր կարծիքով, արդյո՞ք հայ հասարակությունը կըմբռնի Ձեր ուղերձը: Որքա՞ն կարեւոր է այն մեր երիտասարդության համար:

Քանի որ ես պարբերաբար մեկնում եւ հեռանում եմ, նկատում եմ, որ Հայաստանը քիչ-քիչ զարգանում է եւ հետեւում է ցանկացած ուրիշ երկրների օրինակին, ենթարկվում է գլոբալիզացման գործընթացին: Հայաստանը պետք է պատրաստ լինի այն ամենին, ինչը իրեն սպասվում է շատ կարճատեւ ժամանակ անց: Անձը կորցնում է իրեն: Մենք Ֆրանսիայում պատրաստ չէինք նրան, որ գլոբալիզացման գործընթացները կոչնչացնեն մարդուն որպես անձի: Այդ շատ լուրջ խնդիր է : Ես հասկանում եմ, որ տնտեսապես թույլ երկրում միշտ առաջին տեղն է գրավում սնվելու եւ նյութական հարմարավետության խնդիրը, սակայն համոզված եմ, որ սրընթաց զարգացող Երեւանում շուտով նաեւ կծագի այս խնդիրը:

Իսկ ինչպիսի՞ ելք եք տեսնում այդ իրավիճակից:

Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, ունենք այն, ինչը Եվրոպայում վաղուց չկա: Խոսքը ազգային մշակույթին եւ գաղափարին նվիրվածության մասին է: Այդ պետք է աջակցի մեզ, որպեսզի մենք չկորցնենք մեզ: Հասկանում եք, մարդկային էվոլյուցիան եւ քաղաքի էվոլյուցիան տարբեր տեմպերով են զարգանում, եւ մենք պետք է գտնենք ոսկե միջինը այդ երկու ծայրահեղությունները միավորելու համար: Դա հանուն փրկության մի յուրօրինակ պայքար է: Ցանկացած անձ պետք է սկսի ինքն իրենից, իր գիտակցությունից, կյանքում իր տեղից:

Կարծում եք, որ կարող եք հաղթե՞լ այս պայքարում:

Չգիտեմ, բայց կարծում եմ, որ հարկավոր է ինչ-որ բան անել: Կարեւորը հենց ինքն է՝ գաղափարը:  Այն Արարատի նման է՝ միշտ մեր առջեւում է, բայց մենք չենք կարողանում հասնել նրան: Սակայն այն միտքը, որ մի օր այն մերն է լինելու, ստիպում է մեզ ապրել այդ հույսով: Այդպիսինն է նաեւ մեր թատրոնի եւ պիեսի՝ «Study for an urban choreography», գաղափարը, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել Ազգային տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 8-ին:

Զրուցեց Պարույր Սինյավսկին



© NEWS.am STYLE