«Միակարծիք էինք, որ հերոսուհին հենց Ժաննան պետք է լինի». Վանը՝ Nemra-ի նոր տեսահոլովակի եւ հերոսուհու դերում Ժաննա Բուտուլյանի ընտրության մասին (ֆոտո/վիդեո)

14:25   26 հուլիսի, 2021

Nemra ռոք խումբը երեկ թողարկեց  իր նոր տեսահոլովակը՝ հին ու սիրված երգերից մեկի հիման վրա: Հատկանշական է, որ տեսահոլովակի հերոսուհին դարձել է սերիալներից հայտնի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:

«Զիմ խորոտիկ յար» երգը Nemra-ի երգացանկում վաղուց կա. խմբի, գրեթե, ոչ մի համերգ չի անցնում առանց դրա կատարման: NEWS.am STYLE-ի հետ զրույցում խմբի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանը պատմել է՝ ինչու են հենց հիմա որոշել տեսահոլովակով ներկայացնել երգը, ու ինչպես է Ժաննան դարձել տեսահոլովակի հերոսուհին:

«Արդեն մոտ 6 տարի է, ինչ համերգներին ներկայացնում ենք  «Զիմ խորոտիկ յար»-ը: Մեր հեղինակային երգերը հերթ չէին տալիս, որ մեր ժողովրդական երգերի մշակումները ձայնագրեինք ու տեսահոլովակով ներկայացնեինք, բայց քանի որ  երկու ալբոմ թողարկեցինք մեր հեղինակայիններով եւ նաեւ մեկ սինգլ՝ գալիք երրորդ ալբոմից, որոշեցինք մեր հայկական մշակումները նույնպես ձայնագրել եւ տեսահոլովակով ներկայացնել»,-պատմեց երաժիշտը:

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, որի շնորհիվ էլ իրագործվել է խմբի վաղեմի գաղափարը:

«Ռեժիսոր Կարեն Ամյանն իր ամբողջ թիմի հետ միասին մեզ շատ օգնեց իրագործել այս ամենը, վաղուց էինք մտածել այս երգի համար տեսահոլովակ նկարահանելու մասին, եւ, վերջապես, եկավ այդ ճիշտ ժամանակը»:

Եթե նախկինում Nemra-ի տեսահոլովակներում հերոսուհու դերում նկարահանվում էին աղջիկներ, որոնք հանրությանը հայտնի չէին, այս տեսահոլովակն առանձնացավ նաեւ այդ առումով: Անդրադառնալով հայտնի դերասանուհու ընտրությանը՝ Վանը նշեց.

«Նախկինում, այո, ձգտում էինք, որ հերոսուհին հայտնի չլինի, եւ մարդիկ բացահայտեն նրան հենց մեր տեսահոլովակով, և մեր ապագա տեսահոլովակներում այդ մոտեցումը հնարավոր  է՝ շարունակվի: Իսկ «Զիմ Խորոտիկի» համար մենք եւ տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Ամյանը միակարծիք էինք, որ հերոսուհին հենց Ժաննան պետք է լինի, մնում էր հասկանալ՝ արդյոք այդ ցանկությունը փոխադարձ էր: Եվ, ինչպես պարզվեց, Ժաննան էլ շատ լավ ծանոթ էր մեր գործունեությանն ու սիրով ստանձնեց խորոտիկ յարի դերը»:

Վանի խոսքով՝ Ժաննայի հետ աշխատելը հաճելի էր՝ թե´ մարդկային որակների, թե´ պրոֆեսիոնալիզմի առումով.

«Ծանոթացանք հենց նկարահանման ժամանակ, բայց տպավորություն էր, կարծես վաղուց էինք ճանաչում իրար»:

Ի ուրախություն Nemra-ի երկրպագուների՝ տեսահոլովակը միակ նորությունը չէ, որով խումբն այս ընթացքում կիսվում է. զբաղվածությունը շատ է, իսկ առջեւում՝ համերգներ.

«Արդեն այս ամիս հասցրինք մի շարք ելույթներ ունենալ տարբեր վայրերում՝ Ձորաղբյուրում, Դիլիջանում, մասնակցեցինք փառատոնի Երեւանում, նվագեցինք «Եվրո 2020»-ի եզրափակիչ հանդիպման ցուցադրությունից առաջ կազմակերպված համերգին, իսկ առաջիկայում ունենք համերգներ Գյումրիում եւ Սեւանում, դրանից հետո համերգները դեռ հաստատման փուլում են:

Այսքան դադարից հետո կրկնակի եռանդով վերադարձանք բեմ՝ շատ մեծ կարոտով եւ լրիվ ուրիշ էներգետիկայով ու թարմությամբ: Այս ընթացքում աշխատել էինք մեր հնչողությունը բարելավելու ուղղությամբ, եւ հիմա ավելի հաճելի է, չենք հագենում համերգներից»,-հավելեց Վանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE