Սրտի «կարգավիճակը», ընտանիքի անդամները, վախերը. 20 փաստ Լիլիթ Բադանյանի մասին (ֆոտո)

15:05   27 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիլիթ Բադանյանին հեռուստադիտողների լայն զանգված բացահայտեց «Սարի աղջիկ» հեռուստասերիալից: Չնայած հեռուստանախագիծն արդեն մի քանի ամիս է՝ ավարտվել է, դերասանական կազմը շարունակում է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում, որոնք համառորեն փորձում են պարզել, թե ինչպիսին են իրենց սիրելի կերպարները էկրանից այն կողմ:

NEWS.am STYLE«20 փաստ հայտնիների մասին» խորագրում այս անգամ հարցեր ենք ուղղել Լիլիթ Բադանյաին: Դերասանուհին, ի դեպ, տեղեկացրեց, որ այս շրջանում ունի բավական հագեցած առօրյա՝ ընդգրկված է միանգամից երեք ներկայացման մեջ, զբաղված է նոր հեռուստասերիալի նկարահանման աշխատանքներով, ինչպես նաեւ աշխատում է նոր երգի շուրջ, որը առաջիկայում պատրաստվում է ներկայացնել հանրությանը:

Լիլիթ, ո՞ր թվականին ես ծնվել ու որտե՞ղ:

Ծնվել եմ 1994 թ-ի հուլիսի 19-ին` Երեւանում:

Ինչպե՞ս ու ե՞րբ է սկսվել քո ուղին դեպի երգ ու կինո:

Ավարտել եմ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը, այնուհետեւ՝ ընդունվել Գոյ թատրոն: Երգը շատ եմ սիրում ու կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան պետք է կարողանա նաեւ շատ լավ երգել: Ըստ իս՝ ինձ մոտ դա ինչ-որ չափով ստացվում է:

Երաժշտությո՞ւն, թե՞ կինո. ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Երգն ինձ համար, պարզապես, հոբբի է, ես մասնագիտությամբ դերասանուհի եմ: Ընդհանրապես այս հարցին կպատասխանեի՝ թատրոնը, բայց քանի որ երկուսի մեջ պետք է ընտրեմ, կնշեմ՝ կինոն, որովհետեւ ինչպես նշեցի՝ դա իմ սիրելի մասնագիտությունն է:

Ովքե՞ր են քո ընտանիքի անդամները. ի՞նչ են մասնագիտությամբ:

Ընտանիքիս անդամներներն են՝ հայրս, մայրս, քույրս ու եղբայրս: Հայրս մասնագիտությամբ ճարտարապետ է, մայրս՝ հաշվապահ: Ավագ քույրս աշխատում է IT ոլորտում՝ ծրագրավորող է, եղբայրս վերջերս ավարտեց բուհը, մասնագիտությամբ եւս ճարտարապետ է:

Քո ամենասիրելի գիրքը:

Սիրում եմ ընթերցել Նարեկացի:

Սիրելի ֆիլմը:

Շատ են, չեմ կարող մեկն առանձնացնել:

Առավոտը սկսելու իդեալական տարբերակը:

Արթնանալուն պես խմել երկու բաժակ ջուր:

Ամենամտերիմ մարդը` քո կյանքում:

Ամենամտերիմ մարդն իմ կյանքում մայրս է:

«Սարի աղջիկ» սերիալից ո՞ւմ հետ ես ամենից շատ մտերմացել:

Սերիալի նկարահանումների ընթացքում մտերմացել եմ ոչ թե մեկի, այլ՝ մի քանիսի հետ, ու չեմ կարող առանձնացնել, որովհետեւ մոտ 5-6 հոգով հավասարապես մտերիմ ենք: Սերիալի ավարտից հետո էլ շարունակում ենք շփվել:

Քո բնավորության ամենաբարդ ու ամենահեշտ գծերն` ըստ քեզ:

Բնավորությանս ամենաբարդ գիծը, որը շատ խանգարում է, կարծում եմ՝ այն է, որ ես շատ պերֆեկցիոնիստ եմ՝ ամեն հարցում ձգտում եմ իդեալականի, ու դա իրոք բարդ է:

Իսկ հեշտ է այն առումով, որ պարզ եմ մարդկանց հետ շփման մեջ:

Որո՞նք ես համարում քո թերությունները:

Թերություն եմ համարում շատ շուտ ու արագ մարդկանց վստահելը:

Բարդույթներ ունե՞ս:

Վերջին շրջանիս բարդույթներից մեկն այն է, որ ինչ-որ անհարմար վայրում մարդիկ սկսում են ճանաչել ու մոտենալ, եւ միշտ չէ, որ հարմար է լինում շփվելը: Դրանից սկսում եմ բարդութավորվել:

Չհաղթահարված  ֆոբիաներդ:

Ֆոբիա ունեմ կատուներից, մկներից, նաեւ՝ բոլոր տեսակի սողուններից, եւ դա, կարծում եմ, երբեք չեմ կարողանա հաղթահարել:

Իրականացված երազանքդ:

Իրականացաված երազանքս դեռեւս մասնագիտությունս ձեռք բերելն է:

Այժմ ինչի՞ մասին ես երազում:

Երազում եմ երկրիս, մտքիս ու հոգուս խաղաղության մասին:

Սիրտդ ազա՞տ է, թե՞ գտել է իր «կեսին»:

Սիրտս ազատ է:

Տղամարդու մեջ ամենից շատ գնահատում ես...

Տղամարդու մեջ ամենից շատ գնահատում եմ ազնվությունը:

Ի՞նչը երբեք չես ների:

Կարծում եմ՝ երբեք չեմ ների զրպարտանքը:

Մի բան, որ չես արել, ու փոշմանում ես դրա համար:

Չկա նման բան:

Եթե անունդ դու ընտրեիր, կրկին Լիլիթ կլինե՞ր:

Այո, անունս նորից Լիլիթ կլիներ, եթե անգամ ես ընտրեի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիթ Բադանյանի Instagram-ից



© NEWS.am STYLE