Բիլի Այլիշի նոր ալբոմը մինչեւ ռելիզը պատմական ռեկորդ է սահմանել

22:36   28 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշ Happier than ever նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից, սակայն ձայնասկավառակն արդեն հասցրել է նախնական պատվերների քանակով պատմական ռեկորդ սահմանել, հայտնում է Just Jared պորտալը՝ վկայակոչելով Apple Music-ը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 1 մլն օգտատերեր երկար սպասված ժողովածուն ավելացրել են իրենց երգացանկերում մինչեւ պաշտոնական թողարկումը:

Apple Music-ի ներկայացուցիչները նշել են, որ «մելոմանները, որոնք նախապես երգեր են ձեռք բերում, 4,2 անգամ ավելի հաճախ են նորույթներ լսում թողարկման պահից մեկ շաբաթվա ընթացքում»: Մինչ այդ 19-ամյա Այլիշն արդեն ռեկորդներ է սահմանել։ Նրա դեբյուտային՝ When we all fall asleep, where do we go? (2019)  ալբոմը վաճառքի մեկնարկից մի քանի օր առաջ 800 հազար երկրպագուներ են պատվիրել։ 2020 թվականին երգչուհուն գերազանցել է The Weeknd-ը, ում After hours ձայնասկավառակը նախապես ավելացրել է 1,02 միլիոն օգտատեր:

Happier than ever-ի թողարկումը նախատեսված է հուլիսի 30-ին: Ալբոմում կներառվեն 16 երգեր։ Նրանց թվում կհայտնվեն նաեւ նախկինում ներկայացված՝ My future, Lost cause, Your power, NDA եւ Therefore I am։ Սկավառակը կդառնա Այլիշի երկրորդ ստուդիական աշխատանքը։

Վերջերս երգչուհին պատասխանել է ռասիզմի մեղադրանքներին։ Նա պահանջել է իր վրա չկախել կեղծ պիտակ։ Մինչ այդ համացանցում տարածվել էր մի հին տեսանյութ, որտեղ Բիլլին իբր վիրավորում է ասիացիներին: Ոմանք նույնիսկ պահանջել են երգչուհուն «չեղարկել»։



© NEWS.am STYLE