Մեկնարկվում է «Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնը․ մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից

10:12   30 հուլիսի, 2021

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը այս տարի կիրականացվի օգոստոսի 14-29–ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Ֆրեսկո» փառատոնի 2021թ․ ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգեւորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ սոցիալական համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ, հայտնում են փառատնից։

Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտեր 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից: Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչներ, արվեստագետներ: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով: Փառատոնի շրջանակներում կստեղծվի մշակութային հարթակ, որտեղ ելույթ կունենան հայաստանյան եւ արտասահմանյան թե հայտնի, թե չբացահայտված ստեղծագործ անհատները եւ խմբերը, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը:

Փառատոնին կհուրընկալվեն մի շարք արտասահմանյան հյուրեր, ովքեր տեղացի մշակութային գործիչների հետ միասին «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ` ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:



© NEWS.am STYLE