Կորոնավիրուսից մահացել է «Վայրի հրեշտակի» աստղ Ջինո Ռենին

11:18   2 օգոստոսի, 2021

Կորոնավիրուսից մահացել է «Վայրի հրեշտակը» սերիալում Ռամոնի դերակատար Ջինո Ռենին։ Ողբերգության մասին հայտնել են նրա մտերիմները։ Դերասանը հոսպիտալում հայտնվել է դեռ երկու ամիս առաջ։ Նրա մոտ կորոնավիրուս էին ախտորոշել, որը ծայրահեղ ծանր էր ընթանում։ Աստղի վիճակը մշտապես վատանում էր, իսկ օգոստոսի 1-ին նա մահացել է։

Դերասանի ընտանիքին արդեն իսկ ցավակցել են նրա բազմաթիվ գործընկերներ, այդ թվում Ֆակունդո Արանան։ «Վայրի հրեշտակի» աստղը խոստովանել է, որ ցնցված է գործընկերոջ մահվան լուրով։  

«Հիասքանչ Ջինո։ Նա մարդ էր, որը չգիտեր, թե ինչ է չարը։ Անկեղծ առատաձեռնություն։ Ուղեկից եւ մեծ ընկեր յուրաքանչյուրի համար, ով ճանաչում էր նրան։ Հանգչիր խաղաղությամբ, թանկագինս։ Ամբողջ աշխարհը կկարոտի քեզ»,- նշել է Ֆակունդոն։

Ստեղծագործական գործունեության տարիներին Ռենին արգենտինական սերիալներում տասնյակ վառ դերեր է խաղացել։ Բացի «Վայրի հրեշտակը» սերիալից՝ նա նկարահանվել է նաեւ «Սեւ մարգարիտ» եւ «Կաչորա» նախագծերում։ Արտիստին առավել հաճախ բաժին են ընկել երկրորդ պլանի դերեր, սակայն նա այնքան համոզիչ էր, որ ամբողջ աշխարհում երկրպագուների բանակ է հավաքել։

 



© NEWS.am STYLE