«Պրեմիերայի էի գնացել». Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը հրավիրում է «Կրուիզի ջունգլիներում»

13:29   3 օգոստոսի, 2021

Disney ընկերությունը շարունակում է էկրանավորել ֆիլմեր՝ օգտագործելով  Դիսնեյլենդի ատրակցիոնները։ Նախորդ նման փորձը՝ «Կարիբյանի ծովահենները», դարձավ աշխարհահռչակ մեգա հիթ:

Եվ ահա ստուդիայի ղեկավարները որոշել են, որ կանեն այն,  ինչ արեցին նախորդ անգամ ։

Սյուժեն՝ դասական արկածային։ Գլխավոր դերում ՝ խարիզմայով դերասան։ Եվ, իհարկե, սիրո պատմություն։ Ո՞ւր առանց դրա:

Ի վերջո ստեղծողներն ստացան մի խառնուրդ՝ ներառելով  քիչ տարրեր «Ջումանջիից», «Ինդիանա Ջոնսից» և «Ծովահեններից»:

Հասկանալի է, որ «Կրուիզ ջունգլիներում» ֆիլմը ոչ մի կերպ չի հասնի «Կարիբյանի ծովահենները»-ի բարձունքին։ Սակայն իր խնդիրը այն շատ լավ է կատարում։

Ֆիլմն ունի լավ սցենար, առկա են  որակյալ հատուկ էֆեկտներ, որոնք ընդգծում են ֆլորայի և ֆաունայի գեղեցկությունը։

Իսկ ահա երաժշտական ուղեկցության հարցում կինոնկարի բախտը չի բերել։ Այն ընդհանրապես տպավորիչ չէ։ Ափսո~ս։ Երաժշտությունը կարող էր կոլորիտ մտցնել ֆիլմի մեջ։

Թերեւս որպես ֆիլմի գլխավոր թերություն կարելի է համարել հենց ռեժիսորին ՝ Ժաումին Կոլետ-Սերային։ Դիտելով նրա նկարահանված ֆիլմերի ցանկը ՝ հասկանում ես, որ նա թրիլլերների և մարտաֆիլմերի վարպետ է, ոչ թե  կատակերգության։ Դա է պատճառը, որ թվում է՝  ֆիլմում սյուժեն կախված է, իսկ կատակները հաճախ չեն էլ ընդունվում:

Չնայած թերություններին՝ ֆիլմն ունի   նաև դրական կողմեր։ Դրանցից ամենավառը  դերասանական կազմն է։

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը, ինչպես միշտ, խարիզմատիկ է: Այնպիսի տպավորություն է, որ իր խարիզմայի շնորհիվ  նա առաջ է մղում  ցանկացած ֆիլմ:

Էմիլի Բլանտը հոյակապ է: Նրա կերպարը միայն դրական զգացմունքներ եւ հիացմունք է առաջացնում:

Սակայն այդ երկու գլխավոր հերոսների սիրային գիծը ստացվել է ոչ խելամիտ։ Ավելի ճիշտ ՝ ընդհանրապես չի ստացվել։

Մի խոսքով, մենք ունենք լավ արկածային կատակերգություն, որը թեեւ բազմաթիվ դրոշմների եւ փոխառությունների վրա է հիմնվում, բայց, այնուամենայնիվ, ֆիլմն արժանի է իր ժանրին եւ կինոթատրոնում կարող է ուրախացնել հանդիսատեսին։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE