Գիտակցության եկած Մաքսիմը ողջույն է փոխանցում երկրպագուներին

18:09   3 օգոստոսի, 2021

Ռուս երգչուհի Մարինա Աբրոսիմովան, որն առավել հայտնի է Մաքսիմ անունով, գիտակցություն ունի եւ ողջունում է բոլորին, ովքեր անհանգստացել են իր համար, հայտնել է նրա ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Սոկոլովան հայտնել է, որ իրեն հաջողվել է տեսակապով զրուցել արտիստի հետ։ «Մարինան ուղջունում է բոլորին եւ շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր անհանգստացել են իր համար, նա հսկայական աջակցություն է ստացել եւ հույս ունի շուտով անձամբ շնորհակալություն հայտնել նրանց»,- նշել է Սոկոլովան։

Արտիստի ներկայացուցիչը հաստատել է, որ Մաքսիմն իրեն համեմատաբար լավ է զգում․ նրա աջ թոքը, որը լրջորեն ախտահարվել էր, աստիճանաբար վերականգնվում է։ Սոկոլովայի խոսքով՝ երգչուհին դրական ու մարտական տրամադրվածություն ունի։ «Հիմա պարզապես ժամանակ է հարկավոր։ Հանգստություն եւ ժամանակ։ Նա դեպի ապաքինում է գնում»։

Ավելի վաղ արտիստի ներկայացուցիչը հայտնել էր, որ Մաքսիմին վերջնականապես դուրս են բերել արհեստական կոմայից։

Հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ Մաքսիմին հոսպիտալացրել են թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։ Նա հունիսի 19-ից միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին եւ կոմայի վիճակում է։

Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել, որ բժիշկները կարգավորում են արհեստական կոման, նրանք պարբերաբար երգչուհուն գիտակցության էին բերում։



© NEWS.am STYLE