Քոեն եղբայրները կդադարեցնեն համատեղ ֆիլմեր նկարահանելը

22:12   4 օգոստոսի, 2021

Ռեժիսորներ Իթան եւ Ջոել Քոեններն այլեւս համատեղ ֆիլմեր չեն նկարահանի, հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով եղբայրների ժապավենների երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Կարտեր Բերուելին։

Ջոել Քոենը «Մակբեթ» ֆիլմն առաջին անգամ կնկարահանի ինքնուրույն։ «Իթանն արդեն սցենարներ է գրել եւ ինքնուրույն է նկարահանել ֆիլմերը, իսկ Ջոելի համար «Մակբեթը» առաջին ինքնուրույն աշխատանքն է», - ասել է կոմպոզիտորը՝ հավելելով, որ Իթան Քոենն այլեւս չի ցանկանում ֆիլմ նկարահանել:

Բերուելը հուսով է, որ Քոեն եղբայրները կշարունակեն միասին աշխատել սցենարների վրա, սակայն կարծում է, որ նրանք կարող են արդեն հեռանալ գործերից։

Քոեն եղբայրները նկարահանել են «Մեծ Լեբովսկի», «Ֆարգո», «Ծերերի տեղը չէ» եւ «Այրվելուց հետո» ֆիլմերը: Ջոել Քոենի «Մակբեթ» նոր ֆիլմում կնկարահանվեն Դենզել Վաշինգտոնը, Ֆրենսիս Մաքդորմանդը եւ Բրենդան Գլիսոնը:



© NEWS.am STYLE