Ջոն Տրավոլտան վաճառել է առանձնատունը, որում մեկ տարի առաջ մահացել է նրա կինը

11:29   5 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան վաճառել է Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում գտնվող իր առանձնատունը, ուր մեկ տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղից մահացել է նրա կինը՝ Քելի Փրեսթոնը, հայտնում է New York Post-ը։

Ավելի քան չորս հազար քառակուսի մետր մակերեսով տունը վաճառքի է հանվել 2021թ․-ի մարտին։ Այն հինգ ննջասենյակ եւ վեց լոգասենյակ ունի։

Գինը կազմում էր 4,65 միլիոն դոլար, սակայն դերասանն անշարժ գույքը կարողացել է վաճառել միայն 4 միլիոն դոլարով։ Ընդ որում, 67-ամյա դերասանը, միեւնույն է, շահել է․ 2017թ․-ին նա առանձնատունը գնել է երեք միլիոն դոլարով։

Տունը խոհանոց ունի, հյուրասենյակ բուխարիով, երկհարկարի ընտանեկան սենյակ, պատշգամբ, որից տեսարան է բացվում Մեքսիկական ծոց։

Կնոջ մահվան մասին Ջոն Տրավոլտան հայտնել է հուլիսի 13-ին։ Քելի Տրավոլտան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում էր երկու տարի։



© NEWS.am STYLE