«Հարսանիքի նախորդ օրը տանը մի տեսակ լռություն էր». Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան՝ իր հարսանիքի անակնկալների ու ծնողների հուզմունքի մասին (ֆոտո)

15:05   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ու նրա ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ընտանիքում նախորդ օրերը նշանավորվեցին սիրային տոներով: Երեկ Անահիտն ու Արտակը նշել են իրենց ծանոթության տասը տարին, իսկ օրեր առաջ կյանքի նոր փուլ են ուղեկցել իրենց ավագ դստերը՝ Լաուրային, որն ամուսնացել է ընտրյալի՝ Դավիթի հետ:

Լաուրան NEWS.am STYLE-ին է տրամադրել իրենց հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա տպավորիչ դրվագների, անակնկալների ու մայրիկի՝ Անահիտի մշտական աջակցության մասին:

Արդեն մի քանի օր ամուսնական կյանքը վայելող Լաուրան նշում է՝ այս ընթացքում հասցրել է մեծանալ՝ իրեն ավելի հասուն ու ինքնուրույն է զգում:

Վերհիշելով հարսանիքի օրվա ու դրան նախորդող հույզերը, Լաուրան նշեց, որ իրեն ամուսնական կյանք ճանապարհելը թե´ իր, թե´ ծնողների համար զգացմունքային է եղել.

«Մեր տնից դուրս գալը շատ հուզիչ էր, որովհետեւ բոլորն էին հուզվել ու լաց լինում՝ հայրս, մայրս, քույրս, անգամ՝ ամուսինս, որովհետեւ շատ էմոցիոնալ պահ էր: Իսկ հարսանիքի նախորդ օրը տանը մի տեսակ լռություն էր: Հայկը՝ եղբայրս, անընդհատ սենյակիս դուռը բացում ու ասում էր՝ «Էսօր վերջին օրն ա մեզ հետ», ու բոլորի աչքերում կար հուզմունք: Բառերով չեմ կարող նկարագրել, բայց իմ կյանքի ամենազգացմունքային օրն է եղել հենց հարսանիքի նախորդ օրը, երբ արդեն պատրաստվում էի լքել մեր տունը: Որպես խորհուրդ՝ թե´ մայրիկս, թե´ հայրիկս կրկնում էին, որ երբեք չվախենամ խոչընդոտներից ու միշտ պայքարեմ երջանկությանս համար»:

Լաուրայի ու Դավիթի հարսանիքն անցել է Դիլիջանում՝ նեղ ընտանեկան շրջապատում.

«Վաղուց էինք ծրագրել, որ հենց այդպես պետք է նշենք մեր հարսանիքը: Օրը շատ ուրախ անցավ: Կարծում եմ՝ իր տեսակով չկրկնվող հարսանիք էր՝ սկսած տորթի արարողությունից, վերջացրած մեր հագուկապով: Ծովագյուղում կանգ էինք առել, ու շատ հետաքրքիր էր, որ այնտեղ բոլորը մեզ շատ լավ դիմավորեցին, նույնիսկ զբոսաշրջիկները»:

Ինչպես նշանադրության զգեստը, հարսանեկանը եւս Լաուրան ընտրել է մայրիկի՝ Անահիտի Կիրակոսյանի օգնությամբ: Ինչպես ինքն է նշում՝ միշտ է վստահում Անահիտի խորհուրդներին ու ճաշակին.

«Միասին այցելել ենք դիզայների, որը մեզ զգեստի մի քանի տարբերակ է ցույց տվել, ու մենք միանգամից կատարել ենք մեր ընտրությունը: Իհարկե, մի փոքր փոփոխել ենք այն, մաման խորհուրդ տվեց, թե ինչ լուծումներ կարելի է տալ զգեստին, ես էլ վստահել եմ նրա ճաշակին: Ինչպես նշանադրությանս օրվա զգեստի դեպքում, այս դեպքում էլ՝ նա ինձ օգնել է ճիշտ ընտրություն կատարել: Քանի որ ես տարիքով փոքր եմ (Լաուրան 19 տարեկան է), այդ հարսանեկան ճոխ զգեստներն իմ տարիքը թաքցնում էին, իսկ մենք փնտրում էինք պարզություն եւ, միեւնույն ժամանակ, նրբություն, այդ պատճառով էլ զգեստը կարվեց հատուկ ինձ համար»:

Հարսանեկան խնջույքի ժամանակ Լաուրան անակնկալ է մատուցել Դավիթին՝ նրա համար կատարելով մի երգ, որը թե´ իր, թե´ ամուսնու համար կարեւոր նշանակություն ունի.

«Երգի տեսքով անակնկալը որոշել ենք մեկ օրում: Ասել եմ՝ «Մամ, կարո՞ղ ա երգեմ», ինքը միանգամից համաձայնվել է: Ուղարկել եմ երգը, եւ գնացել ենք ձայնագրվելու: Ընտրել էի Ալիս Դարբինյանի «Կա սեր» երգը, որովհետեւ այն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի. երբ Դավիթի հետ նոր էինք ծանոթացել եւ դեռ որպես ընկերներ էինք շփվում, նա չէր հավատում սիրուն ու չէր պատկերացնում, որ կարող էր անձնական կյանք ունենալ, սեր գտնել, իսկ այդ երգի տողերն ասում են, որ կա սեր»:

Անահիտն ու երեխաները եւս Լաուրային երգի տեսքով անակնկալ են մատուցել.

«Մայրիկս, քույրս ու եղբայրներս երգեցին մի երգ, որը ես տանը միացնում էի ու կատակով ասում՝ «Այ, իմ հարսանիքին էս երգը կերգեք»: Նրանք, իրոք, այն կատարեցին, ու ես ապշել էի (ծիծաղում է): Բառեր չկային ասելու. այդ փոքրիկ ակնարկը նրանք հաշվի էին առել ու փորձել մաքսիմալ ուրախացնել ինձ այդ օրը»:

Լաուրան ու Դավիթը դեռեւս չեն մեկնել մեղրամսի, բայց առաջիկայում պատրաստվում են: Զույգն ընտրել է ռոմանտիկ ու պասիվ հանգիստը.

«Մեղրամսին պատրաստվում ենք գնալ Եգիպտոս: Միշտ պատկերացրել եմ, որ մեղրամսին պետք է պասիվ հանգստի մեկնել, ու վստահ եմ, որ օրերը հրաշալի կանցնեն, քանի որ սիրելիի կողքին աշխարհի ցանկացած ծայրում հաստատ ամեն բան լավ է անցնելու: Վայրն այնքան կարեւոր չէ, որքան այն փաստը, որ ամուսնուս հետ եմ լինելու»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE