«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». Երեւանում տեղի կունենա վավերագրական ֆիլմի պրեմիերան

18:09   5 օգոստոսի, 2021

«Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ռանանջայ Անանդը Հայաստանում է Ֆրունզիկ Մկրտչյանի թողած ժառանգության հիշատակմանը նվիրված նախագծի կազմակերպման համար: Անանդը վրացի կինոպրոդյուսերի հետ համատեղ վավերագրական ֆիլմի համահեղինակ է, որը պատմում է լեգենդար հայ դերասանի եւ նրա՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերի մասին:

Անանդի խոսքով՝ այս տարի «Հայ-հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 10 տարին: Բացի այդ, հաջորդ տարի Հնդկաստանը կնշի իր Անկախության 75-ամյակը, որի համար երկրի կառավարությունը նախատեսում է մեկամյա ծրագրերի շարք: «Տոնակատարությունների շրջանակում մենք համագործակցում ենք վրացի կինոպրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի հետ՝ հայ եւ միջազգային հանդիսատեսին հնդկական ֆիլմերում Ֆրունզիկ Մկրտչյանի ներգրավվածության պատմությունը ներկայացնելու համար: Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ», որում Հնդկաստանի, Հայաստանի եւ Վրաստանի հայտնի հասարակական դեմքեր կպատմեն դերասանի կյանքի ու նրա հետ ունած իրենց կապերի մասին: Իհարկե, հիմա չեմ կարող բացահայտել այն մարդկանց անունները, ովքեր կլինեն ֆիլմում, սակայն հանդիսատեսին անակնկալ է սպասվում»,- նշում է նա։

Անանդը նշում է՝ Մկրտչյանը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն է, եւ ինքը տարիներ առաջ ոգեւորվել է՝ իմացանալով, որ նա նկարահանվել է նաեւ հնդկական երկու հայտնի ֆիլմերում․ «Սակայն երբ այցելեցի Հայաստան, զարմացա, որ շատերը չգիտեն այս մասին: Հետեւաբար, երբ իմ ընկեր Դավիդը ինձ հետ կիսվեց վավերագրական ֆիլմ ստեղծելու իր գաղափարով, ես և իմ կազմակերպությունը ուրախ էինք նպաստել դրա նկարահանմանը: Կարծում եմ, որ ֆիլմը հաղորդակցության ամենաուժեղ միջոցներից է, եւ այս վավերագրական ֆիլմը հսկայական դեր կխաղա Հնդկաստանի, Հայաստանի ինչպես նաեւ Վրաստանի միջեւ կապերի ամրապնդման գործում»:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ ժամը 19-ին, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է լինելու հանրության համար եւս։ 

 



© NEWS.am STYLE