Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում

12:39   10 օգոստոսի, 2021

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում: Օգոստոսի 10-ին եւ 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, եւ նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը:

Համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը եւ Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի «Ջոկեր» ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաեւ ABBA, DISCO եւ West End սիմֆոնիկ շոու ծրագրերը:

Ի դեպ, Դուբայի օպերան բացվել է 2016 թվականին՝ դառնալով երկրի կարուոր խորհրդանիշներից մեկը: Առաջին համերգին հանդես է եկել Պլասիդո Դոմինգոն, այնուհետեւ օպերան հյուրընկալել է բազում աշխարհահռչակ մենակատարների ու երաժշտախմբերի: Այս բեմում հանդես է եկել նաև լեգենդար տենոր Խոսե Կարերասը: Կամերային նվագախմբի համար նշանակալի է հանդես գալ այս սրահում:

Հայաստանում նվագախմբի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին:



© NEWS.am STYLE