«Էմմին» այս տարի համավարակի պատճառով կհանձնեն բացօթյա պայմաններում

11:11   11 օգոստոսի, 2021

Ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունը համավարակի պատճառով մասնակիորեն անց կկացնեն բացօթյա պայմաններում, հայտնում է Variety-ն։

«Մեր հավակնորդների առողջությունն ու անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեն։ Քննարկումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մրցանակաբաշխության արարողության անցկացման համար առանձին հարթակ կօգտագործվի, որը գտնվում է թատրոնի հետեւում։ Դա թույլ կտա հյուրերին նստեցնել՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։

Բացի այդ՝ կկրճատվի հավակնորդների թիվը, որոնք կկարողանան ներկա լինել արարողությանը, ինչպես նաեւ միջոցառման մասնակիցների թիվը․ յուրաքանչյուր նախագիծ պետք է ներկայացնի չորսից ոչ ավելի մարդ։

«Էմմի» 73-րդ մրցանակաբաշխության արարողությունը անց կկացվի սեպտեմբերի 19-ին։  

Այս տարի անվանակարգերի քանակով առաջատար են «Թագը» եւ «Մանդալորցին» սերիալները։ Դրանք ներկայացված են 24 անվանակարգում։ Դրանց հաջորդում են «Վանդա/Վիժն» (23), «Աղախնի պատմությունը» (21), «Saturday Night Live» (21), «Թեդ Լեսո» (20), «Լավքրաֆթի երկիրը» (18), «Թագուհու քայլը» (18) եւ «Մեյրն Իսթթաունից» (16) նախագծերը։

 



© NEWS.am STYLE