Ինչպիսի՞ աղջիկների է նախընտրում ու ինչո՞ւ չունի TikTok. 20 փաստ ու նոր ֆոտոշարք Վարուժան Մարգարյանից

15:28   11 օգոստոսի, 2021

Դերասան Վարուժան Մարգարյանը վերջին շրջանում ակտիվ է ոչ միայն էկրաններին, այլեւ՝ թատրոնի բեմում: Այս ժամանակահատվածում նա նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» սերիալում եւ հեռուստադիտողին ներկայանում նոր կերպարով: Որքան բազմազան են դերասանի դերերը, այնքան նա ավելի հետաքրքիր է դառնում հեռուստադիտողի համար:

NEWS.am STYLE«20 փաստ հայտնիների մասին» խորագրում բլից հարցերի միջոցով որոշ բացահայտումներ ենք արել Վարուժի նախասիրությունների մասին: Զուգահեռ ներկայացնում ենք նաեւ դերասանի նոր ֆոտոշարքը:

Վարուժ, օրդ ինչպե՞ս է սկսվում:

Պարտադիր երաժշտություն լսելով:

Առավոտվա մարդ ես, թե՞ գիշերային:

Շուրջօրյա (ծիծաղում է):

Երբ աշխատանքի չես լինում, ինչպե՞ս ես սիրում անցկացնել ժամանակդ:

Կեսօրին կարդում եմ, իսկ երեկոյան՝ ընկերներիս միջավայրում:

Ամենաչսիրածդ ժամանցի միջոցը:

Ուղղակի նստելը:

Քո մարմնավորած կերպարներից քեզ ամենամոտը:

Այնքան էլ մոտ չէ, բայց ամենասիրվածը դեռ Սամվելն է։ Չնայած՝ առանց խտրականության եմ վերաբերվում կերպարներիս։

Ամենասիրելի խաղընկերուհիդ:

Նելլի Խերանյան:

Կա՞ հայտնի կերպար, որին կցանկանայիր մարմնավորել, կամ՝ արդեն մարմնավորել ես:

Ամեն անգամ մի նոր գրականություն ընթերցելիս լինում է կերպար, որին կուզեի մարմնավորել։

Կերպար, որին ոչ մի դեպքում չես ցանկանա մարմնավորել:

Եթե անկեղծ՝ այդ հարցի շուրջ երբեք չեմ մտածել։

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Վառռուժ, մուննաթ:

Սովորաբար, երկրպագուներիդ ի՞նչ բովանդակությամբ նամակներին ես պատասխանում, եւ որո՞նց չես սիրում պատասխանել:

Սովորաբար, չեմ պատասխանում, բայց ո´չ մեծամիտ լինելու պատճառով։ Վերջին շրջանում պատասխանել եմ այն մարդկանց, որոնց արձագանքները կապված են եղել ներկայացման հետ։

Սիրտդ զբաղվա՞ծ է:

Ոչ:

Ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ քեզ գրավի:

Նախ՝ պետք է լինի խնամված եւ անուշաբույր, այնուհետեւ՝ շփման փուլում, բնակաբար, հետաքրքիր եւ, միանշանակ, սիրի պարել (ժպտում է):

Ինչպիսի՞  աղջիկներից ես հիասթափվում:

Դատարկ, անիմաստ, մեծամիտ:

Ավելի շատ սիրում ես խոսել, թե՞ լսել:

Սիրել-չսիրել չեմ կարող ասել, բայց շատ եմ լսում ու հարկ եղած դեպքում՝ փորձում օգնել։

Ո՞ր ֆիլմը կարող ես անդադար նայել:

Շատ են, բայց այս պահին մտքիս եկավ «Հեռացածները»/The Departed, նաեւ մանկությունից եկած 2 ֆիլմ կարող եմ առանձնացնել՝ Space Jam եւ Yamakasi:

Գիրք, որը կարդացել ես մեկից ավելի անգամ:

Քանի որ կան գրքեր, որոնք հերթագրված են եւ չկարդացված, դեռ երկրորդ անգամ նույնը չեմ վերընթերցել։ Բայց ասեմ, որ վերջերս ցանկություն առաջացավ վերընթերցել Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը, որը խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն կարդացել։

Ամենամտերիմ ընկերդ՝ հայտնի կոլեգաներից:

Միկա Ղափլանյան:

Քո մասին լսածդ վերջին ամենազավեշտալի բամբասանքը:

Որ ես շա՜տ մեծամիտ եմ, ինքնասիրահարված։ Մեկ էլ՝ ինչպես Հայաստանում են ասում՝ «звёзд-ը տարած» (ծիծաղում է):

TikTok, Instagram,  թե՞ Facebook. ինչպիսի՞ն է, առհասարակ, վերաբերմունքդ սոցցանցերին:

TikTok-ից, առհասարակ, չեմ օգտվում. եղել է ժամանակ, որ փորձել եմ, բայց կոնկրետ ինձ համար անիմաստ ժամանակի ծախս էր։ Instagram, Facebook օգտվում եմ, բնականաբար՝ հիմնականում նորությունների համար: Մի խոսքով՝ վերաբերվում եմ լավ, բայց կարեւորը՝ չափի մեջ, մանավանդ երեխաների դեպքում, որոնք ցավոք սրտի՝ օրվա մեծ մասը, նույնիսկ, դրսում սոցցանցերում են լինում, իսկ եթե ավելի կոնկրետ՝ TikTok-ում։

Այս պահի երազանքդ, կամ՝ նպատակդ:

Երազանքս կապված է մասնագիտությանս հետ՝ հանդես գալ ավելի մասշտաբային ֆիլմերով։ Նպատակս էլի մասնագիտական է՝լինել լավը ինքս ինձ համար։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Մարտիրոսյանի



© NEWS.am STYLE