14-ամյա Սվետլանա Հակոբյանը՝ «Արմոնիա 2021»-ի հանդիսատեսի համակրանքին արժանանալու ու Սերժ Թանկյանի անակնկալի մասին

16:04   12 օգոստոսի, 2021

Դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը 14 տարեկանում արդեն հասցրել է մասնակցել համաշխարհային մի շարք հեղինակավոր մրցույթների, որոնցից ամենահիշարժանն աղջկա համար դարձավ Հայկական ասամբլեայի կողմից կազմակերպված «Արմոնիա 2021» մրցույթը: Այս հարթակի նպատակն է գտնել աշխարհասփյուռ հայ տաղանդավոր երեխաների եւ աջակցել հայ մշակույթի երիտասարդ դեսպաններին իրենց մասնագիտական ​​զարգացման առաջին քայլերում: Սվետլանան մրցույթում հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, ինչի շնորհիվ եւս մեկ քայլ առաջ գնացել դեպի իր երազանքը՝ միջազգային բեմեր գրավելը: Պատանի դաշնակահարուհու համար ամենաանսպասելին, սակայն, այն էր, որ իր հաղթանակն ազդարարել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

NEWS.am STYLE-ը Սվետլանայի հետ զրուցել է «Արմոնիա»-ում ունեցած հաջողության, անցած ուղու ու երազանքների մասին:

Դաշնակահարուհին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մրցույթն անցկացվել է առցանց: Սվետլանան «Արմոնիա»-ին մասնակցել է ուսուցչուհու՝ Կարինե Հարությունյանի խորհրդով.

«Տվյալ մրցույթի համար ուղարկել ենք Արամ Խաչատրյանի  «Տոկատան» եւ Չայկովսկի-Պլետնյով` Andante maestoso՝ «Շելկունչիկ» բալետից: Իրականում, վստահ չէի, որ կարժանանայի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, բայց հույս ունեի: Գիտեի, որ ժյուրիում նաեւ Սերժ Թանկյանն է, բայց բոլորովին չէի սպասում, որ իմ անվանակարգը հենց նա կհայտարարի: Այդ զգացողությունը շատ ֆանտաստիկ էր ու ցնցող: Անչափ ուրախ էի»,-անկեղծացավ նա:

Սվետլանան պատմեց, որ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել շատ վաղ տարիքից: Հիշում է՝ 5 տարեկան էր, երբ շարունակ ուսումնասիրում էր դաշնամուրն ու դրա կազմությունը.

«Շատ էի սիրում մոտենալ դաշնամուրին, ստեղներով անցնել, ուսումնասիրել այդ գործիքը. այն ինձ միշտ հետաքրքրել է: Մայրիկս դա նկատելով՝ մասնագետ հրավիրեց, որպեսզի ինձ հետ պարապի: Հետագայում նա մայրիկիս խորհուրդ տվեց, որ ինձ անպայման տանի երաժշտական դպրոց, այդպես էլ արեցինք»:

Թոռնուհուն դաշնամուրի առջեւ նստած տեսնելը պապիկի երազանքն է եղել, սակայն սերը դեպի այդ երաժշտական գործիքը Սվետլանայի մոտ ծնվել է ակամայից.

«Իրականում, այո, պապիկիս երազանքն է եղել, որ իր թոռնուհին ունենա դաշնամուրի հանդեպ սեր, սակայն դա  այնքան էլ իմ ընտրության վրա չի ազդել: Երբ իմ հետաքրքրությունը դաշնամուրի հանդեպ կար, նոր եմ միայն իմացել, որ պապիկս միշտ ցանկացել էր դա»:

Այժմ Սվետլանան կրթություն է ստանում  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցում. «Սովորում եմ ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյանի դասարանում, ու հենց նրան եմ պարտական իմ գիտելիքների ու փորձի համար: Ինչ վերաբերում է մրցույթներին՝ անկեղծ ասած՝ դրանց մասնակցելն ինձ համար ինքնանպատակ չէ, եւ ես պարապում եմ ոչ թե մրցույթների, այլ՝ կատարելագործվելու եւ զարգանալու համար: Իսկ թե ինչ մրցույթներ առջեւում կլինեն, կամ՝ կլինեն, թե ոչ, դեռեւս չեմ կարող պատասխանել»:

Պատանի դաշնակահարուհին շատ երազանքներ ունի. դրանցից ամենանվիրականներով կիսվեց նաեւ մեզ հետ.

«Իմ մեծագույն երազանքներից է աշխարհով մեկ շրջագայելը, լավագույն բեմերում հանդես գալը, երազում եմ, որ այդ դահլիճները լինեն լեփ-լեցուն, եւ որ զգամ, որ դասական երաժշտություն սիրողները շատ են»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սվետլանա Հակոբյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE