Ինչո՞ւ է փոխվել աչքերի գույնն ու ե՞րբ չի թողնում, որ ամուսինն իրեն ուղեկցի նկարահանումների. 10 փաստ Միլա Կունիսի մասին, որը նշում է 38-ամյակը

17:03   14 օգոստոսի, 2021

Այսօր՝ օգոստոսի 14-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում ուկրաինական ծագում ունեցող դերասանուհի Միլա Կունիսը: Հոլիվուդյան աստղը բոլորում է 38-ամյակը: Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Փոխշահավետ ընկերություն», «Սեւ կարապը», «Թեդ», «Վատ մայրիկները», «Օզ. մեծ եւ հզոր» եւ այլն:

Ներկայացնում ենք տասը հետաքրքիր փաստ Միլա Կունիսի մասին, որոնցից շատերը, միգուցե, մինչ օրս գաղտնիք էին դերասանուհու երկրպագուների համար:

Կունիսն ընտանիքի հետ լքել է Ուկրաինան  1991 թ-ին՝ մեկնելով ԱՄՆ:  Նա այդ ժամանակ 7 տարեկան էր: Նրա ընտանիքը մեկնել է՝ գրպանում ունենալով ընդամենը 250 դոլար: 2008 թ-ին Էլեն Դեջեներեսին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ իր տատիկը հաճախ էր իրեն դպրոց ուղեկցում ու քաղցրավենիք հյուրասիրում իր համադասարանցիներին, որպեսզի վերջիններն իր հետ հեշտ ընկերանան: Իսկ Glamour ամսագրին տված հարցազրույցում Միլան խոստովանել է, որ թեեւ ընտանիքն աղքատ է եղել, իր ծնողներն ամեն բան արել են, որ ինքը ոչ մի բանի կարիք չունենա եւ ոչնչով չզիջի իր հասակակիցներին:

Դերասանուհու աչքերը երկգույն էին՝ նախքան վիրահատությունը: Այո, Կունիսի մեկ աչքը կապույտ էր, մյուսը՝ կանաչ: Սակայն կատարախտի պատճառով Միլան ստիպված է եղել դիմել վիրահատության, որից հետո իր աչքերը ստացել են այժմյան երանգը, ինչպես Կունիսն է բնորոշում՝ երբեմն մուգ կանաչ, երբեմն՝ բաց շագանակագույն:

«Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Միլա Կունիսը երեք վնասվածք է ստացել: Դերասանուհին վնասել է կրունկը, ուսն ու սպիեր ձեռք բերել մեջքի հատվածում:

Միլայի առաջին գովազդային արշավը եղել է Բարբի տիկնիկի համար, որը, սակայն, այդպես էլ չի թողարկվել: Աղջիկն, ամեն դեպքում, այդ փաստից չի նեղվել: Ինչպես հիշում է դերասանուհին՝ փոխարենը գեղեցիկ տիկնիկ է նվեր ստացել:

Միլա Կունիսի եւ Էշթոն Քութչերի հարաբերությունները սկսվել են 2012-ին: Դերասաններն ամուսնացել են 2015 թ-ին եւ միասին մեծացնում են իրենց երկու երեխաներին՝ դստերը՝ Ուայաթին, եւ որդուն՝ Դմիտրիին:

2002-2011 թ-երին դերասանուհին հանդիպում էր «Տանը մենակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալիկինի հետ: Թեեւ շշուկներ էին տարածվել, որ զույգը մտադրություն է ունեցել ամուսնանալու, Միլան հերքել է դրանք, նաեւ հավելել, որ բաժանումից հետո էլ ինքն ու Կալկինը լավ ընկերներ են մնացել:

Միլան հասկանում ու խոսում է ռուսերեն, բայց չի կարողանում կարդալ այդ լեզվով:

Ամուսինը՝ Էշթոնը, հաճախ է Միլային ուղեկցում նկարահանումների, սակայն, երբ դերասանուհին պետք է նկարահանվի ինտիմ տեսարաններում, նա Էշթոնին խնդրում է մնալ տանը

2012 թ-ին Esquire ամսագիրը Միլային անվանել է «Աշխարհի ամենասեքսուալ կին»:

Միլան ու Էշթոնը հաճախ են գնում ժամադրությունների, որոնց ընթացքում աշխատում են չխոսել երեխաների մասին:

Աղբյուրները՝ Insider.com, Buzzfeed.com

Լուսանկարները՝ Getty Images, Insider, Pinterest, Noel Vasquez/Getty Images, Tibor Illyes/EPA/Shutterstock, W Magazine



© NEWS.am STYLE