Լիլիթ Բասյանի ու Ալեքսանդր Բաբասյանի որդու 7-ամյակն ու ծննդյան օրն իրականացած երազանքը (ֆոտո)

14:31   17 օգոստոսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանի ու դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսանդրը, օգոստոսի 15-ին նշել է ծննդյան 7-ամյակը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթն ասաց, որ այս տարի որդու ծնունդը նշել են միայն ամենահարազատ մարդկանց ներկայությամբ, իսկ քանի որ Ալեքսանդրը Marvel-ի սուպերհերոսների երկրպագուն է, մայրիկը նրան անակնկալ է մատուցել ու տորթն ու միջոցառման ընդհանուր դիզայնն արել հենց այդ թեմայով: Սակայն դրանով Ալեքսանդրի օրվա անակնկալները չեն սահմանափակվել.

«Ալեքսը միշտ երազել է սեփական սենյակն ունենալ, ու ես նրան խոստացել էի, որ այս տարի դա կլինի: Մենք երկար ընտրել ենք սենյակի դիզայնը՝ ամեն ինչ իր ցանկությամբ: Իսկ անակնկալն այն էր, որ հենց կեսգիշերին ես բացեցի նրա սենյակի դուռն ու նա տեսավ, որ այն արդեն պատրաստ է: Նա այնքան երջանիկ էր, ամբողջ առավոտն իր սենյակում անցկացրեց ու բոլորի մոտ գլուխ էր գովում, որ արդեն իր սենյակն ունի»,-ոգեւորությամբ պատմեց Լիլիթը՝ հպարտորեն նկատելով, որ Ալեքսն իր տարիքի համեմատ բավական հասուն է մտածում.

«Ես միշտ եմ ասել, որ Ալեքսը 7 տարեկանի համար բավական իմաստուն ու հասուն մարդուկ է: Ես կարող եմ նրանից խորհուրդ հարցնել, իսկ նա հասուն մարդու պես կտա ճիշտ պատասխան: Նա շատ հատուկ հոգի ունի՝ շատ փխրուն»:

Հարցին՝ բնավորությամբ ում է ավելի նման՝ հայրիկի՞ն, թե՞ մայրիկին, Լիլիթը պատասխանեց.

«Բնավորությամբ ինձ է նման. սիրում է իր սկսած գործն ավարտին հասցնել, շատ պատասխանատու է, եթե մի բան խոստանում է, անպայման կատարում է: Միգուցե, արտաքնապես նա ինձ նման չէ, բայց բնավորությունն ու հոգին իմն են: Միակ տարբերությունն այն է, որ ես ավելի համարձակ եմ՝ կարող եմ դեմ գնալ բոլորին, իսկ նա դեռ շատ փոքրիկ է, դեռ կարող է կես ճանապարհից շրջվել»:

Ի դեպ, Ալեքսը ծննդյան օրվա գիշերը երազանք է պահել ու փուչիկ ուղարկել երկինք, իսկ թե ինչի մասին էր այն, անգամ մայրիկը չգիտի.

«Ինձ դեռեւս չի պատմել իր երազանքի մասին: Ասում է՝ երբ կատարվի, անպայման կբարձրաձայնեմ»:

Անդրադառնալով որդու համար պահած իր երազանքներին ու ցանկություններին՝ Լիլիթը նշեց.

«Ինձ համար շատ կարեւոր է, որ որդիս արժանի մարդ մեծանա: Ինձ համար կարեւոր է, որ նա ունենա անհոգ մանկություն, որ իր մանկությունը ժպիտով հիշի: Իհարկե, ամենից կարեւոն այն է, որ նա առողջ լինի: Ես նրան մաղթում եմ, որ երբեք իր ներսի մարդուն չկորցնի ու միշտ իմանա, որ ես իր ընկերն եմ, որի վրա նա ցանկացած պահի կարող է հույս դնել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE