«Որոշեցինք մեր պատանեկան տարիների սիրելի երգը կյանքի կոչել». Գոռ Հակոբյանը՝ Գեւորգ Մարտիրոսյանի հետ «Սրտիկ» երգի cover-ի ու «Դեպի ճամբարում» իր դերի մասին

13:25   18 օգոստոսի, 2021

Դերասան-երգիչ Գոռ Հակոբյանն այս շրջանում բավական մեծ զբաղվածություն ունի. «Դեպի ճամբար» Նախագծի երրորդ եթերաշրջանի նկարահանումներին զուգահեռ՝ նա շարունակում է ձայնագրել նոր երգեր: Շատ շուտով, օրինակ, կթողարկվի իր եւ Սոնա Եսայանի զուգերգը, իսկ մինչ այդ Գոռն ու Գեւորգ Մարտիրոսյանը հանրությանն են ներկայացրել Ռազմիկ Ամյանի «Սրտիկ» երգի cover տարբերակը՝ նոր մոտեցմամբ ու նոր ռիթմով:

NEWS.am STYLE-ը Գոռ Հակոբյանի հետ զրուցել է հին ու ծանոթ երգին անդրադադառնալու որոշման ու իր նոր կերպարի մասին:

«Գեւի հետ սա իմ առաջին համագործակցությունը չէ, մենք եւս մեկ դուետ ունենք: Առաջարկ, որպես այդպիսին, չի եղել, մենք հաճախ ենք հավաքվում իմ ստուդիայում ու մտածում՝ ինչ նոր բան կարելի է անել: Այս անգամ էլ իրար հետ նստեցինք ու սկսեցի գործիքավորել: Այդ երգը ժամանակին կոնկրետ ես շատ-շատ եմ լսել ու սիրել, պարզվեց՝ Գեւորգն էլ: Միասին որոշեցինք, որ մեր պատանեկան տարիների սիրելի երգը նորից կյանքի կոչենք եւ չսխալվեցինք, որովհետեւ արձագանքները շատ դրական են»,-նշեց դերասանը:

Երգը կատարելու համար երգիչները դիմել են Ռազմիկ Ամյանի պրոդյուսերին եւ ստացել վերջինի համաձայնությունը, սակայն Ռազմիկի արձագանքի մասին դեռեւս չգիտեն: Փոխարենը Գոռի խոսքով՝  դրական կարծիքներ շատ են ստանում տարբեր օգտատերերից:

Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞ր արդեն իսկ հիթային դարձած երգը նորովի ներկայացնելուց հետո հանրության արձագանքից, Գոռը պատասխանեց.

«Մտավախություն չկար, եթե մեր տարբերակը չաշխատեր, կամ՝ լավը չլիներ, մենք ոչինչ չէինք կորցնում: Կլիներ հերթական շարքային քավրը: Կարծիքները 99% դեպքերում դրական են, մարդկանց դուր է եկել՝ թե´ կատարումը, թե´ իմ գործիքավորումը»:

Վերջին շրջանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնուրմ հին երգերի նոր մշակումներին: Դերասան-երգչից հետաքրքրվեցինք, թե որն  է իր կարծիքով նման տենդենցի պատճառը. 

«Ստատիստիկան ցույց է տալիս, որ երգիչները ծախսում են մեծ գումարներ, գնում են երգեր, նկարահանում տեսահոլովակեր, ու վերջում արդյունքը, մեղմ ասած, չի արդարացնում սպասելիքները, դրա համար վերցնում են հին՝ արդեն հայտնի երգերը եւ կատարում: Իմ դեպքում դա ֆորմատ է, ես վերցնում եմ հին երգը և remake եմ անում՝ կամ կոնկրետ երգի տիրոջ հետ, կամ` ուրիշի»,-նշեց նա:

Զրույցի վերջում անդրադարձանք նաեւ «Դեպի ճամբար» սիթքոմին եւ Գոռի նոր կերպարին: Դերասանը նշեց, որ այն շատ է սիրել.

«Կերպարս շատ սիրել եմ, որովհետեւ ինձ համար այն նորություն է: Ես մարմնավորում եմ կալանավայրից փախած երիտասարդի, որը գալով ճամբար՝ փորձում է թաքնվել օրինապահ մարմիններից: Հետաքրքիր է աշխատել «Դեպի ճամբար»-ի թիմի հետ: Երեխաները մեկը մյուսից լավն են»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարնրը՝ Գոռ Հակոբյանի Facebook-ից



© NEWS.am STYLE