«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը՝ Երեւանում (ֆոտո)

10:39   21 օգոստոսի, 2021

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի  միջազգային փառատոնի երեւանյան ծրագրի հանդիսավոր բացումը: Փառատոնն արդեն 8 տարի է՝ կայանում է եւ նպատակ ունի հոգեւոր  մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածել:

Հոգեշնորհ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքից, մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո  «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ` Շահեն Նազարենկոն եւ  Աննա Կարապետյանը ազդարարեցին երեւանյան ծրագրի մեկնարկը։ Ելույթ ունեցան Դավիթ Ամալյանը, թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը,  «Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին:

Փառատոնն այս տարի անցկացվում է  օգոստոսի 14-ից 29-ը։ Մարզային ծրագրի մեկնարկը տրվել է  Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: Oգոստոսի 17-ից 29-ը  Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների եւ արվեստագետների, որոնք մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում:

Փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:

Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։

 Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, իսկ վայրն՝ անփոփոխ:

2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, եւ ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ:



© NEWS.am STYLE