Գիտեի՞ք արդյոք. «Քայլ առաջ»՝ 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

13:34   22 օգոստոսի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ան Ֆլետչերի ՝ 2006թ.-ի «Քայլ առաջ» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1. Ֆիլմի սկզբնական անվանումը եղել է «Music High» (Երաժշտական դպրոց)։

2. Բոլոր գեղարվեստական աշխատանքները, որոնք կարելի է տեսնել դպրոցում,  «Carver Center for the Arts and Technology» դպրոցի ուսանողների ստեղծագործություններն են։ Սա արվեստի հեղինակավոր եւ  բարձրակարգ դպրոց է, որը գտնվում է Բալթիմորի մոտակայքում:

3. Նկարահանումների ժամանակ Չենինգ Տատումը և Ջեննա Դևան-Տատումը, ինչպես և նրանց հերոսները, սկսել են հանդիպել։ 2009 թվականի հուլիսի 11-ին նրանք ամուսնացել են, իսկ 2018 թվականին զույգը բաժանվում է։

4. Չենինգ Տատումը, որը պրոֆեսիոնալ պարող չէր,  սկզբում վախեցել է ֆիլմում նկարահանվել այն մարդկանց հետ, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում պարով են զբաղվել:

5. Որպես ռեժիսոր՝ կինոնկարը դեբյուտային է դարձել Ան Ֆլետչերի համար. նա նախկինում որպես պարուսույց է աշխատել։ Ֆլետչերը ֆիլմում ունի կամեո. նա նկարահանվել է Նորայի պարի ուսուցչի դերում:

6. Ֆիլմում նկարահանվելու համար Ջեննա Դևանը ծածկել է իր մարմնի դաջվածքները:

7. Ըստ նախնական սցենարի՝ Տատումի հերոսին պետք է կոչեին Դերեկ, եւ նա պետք է երգիչ լիներ:

8. Պարային տեսարանների բեմադրությամբ զբաղվել է Ջամալ Սիմսը։

9. Եզրափակիչ պարի շարժումներից մեկի կատարման ժամանակ Տատումն անհաջող ընկել է գլխի վրա: Բարեբախտաբար, նա վտանգավոր վնասվածքներ չի ստացել։

10. Ֆիլմում հնչում է հայտնի կատարողների և դիջեյների երաժշտությունը՝ Ciara, Sean Paul, Chris Brown, Pitbull, Lil Jon, Mark Ronson, T. I. եւ այլն:

11. 12 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 114 մլն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE