«Երկու դերասան հրաժարվել էր այս դերից». նոր գույներ, հնչողություն ու հետաքրքիր պատմություններ. «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը՝ կրկին մեծ էկրաններին (ֆոտո)

14:05   24 օգոստոսի, 2021

Սեպտեմբերի 15-ից կրկին մեծ էկրաններին կլինի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝  «Մեծ պատմություն փոքր քաղաքում» հայտնի ու սիրված ֆիլմը, բայց՝ արդեն վերամշակված տարբերակով: Պրեմիերայի օրը պատահական չի ընտրված. ուղիղ 15 տարի առաջ հենց սեպտեմբերի 15-ին է ֆիլմն առաջին անգամ ներկայացվել հանրությանը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանը մանրամասնել է, թե ինչ նոր լուծումներով է ֆիլմը հայտնվելու կինոթատրոններում.

«Մենք հետարտադրությունը 0-ից ենք կատարել, վերցրել ենք այն, ինչ նկարահանել էինք դիջիթալ «կասետների» վրա եւ նորից աշխատել դրա վրա: Ոչինչ չենք փոխել, ֆիլմը նույնն է, այն պարզապես  իդեալական համապատասխանում է այսօրվա չափանիշներին: 0-ից արել ենք գունամշակումը, 0-ից ձայնային աշխատանքներն ենք կատարվել: Այն խնդիրները, որոնք 15 տարի առաջ չէինք կարող լուծել, որովհետեւ չունեինք նման տեխնիկա, այսօր լուծել ենք: Այսօրվա գիտելիքներով և տեխնիկայով մենք ֆիլմը բերել են այն տեսքին, որի մասին երազում էի: Որպես 15 տարվա ֆիլմ՝ այն իսկապես շատ թարմ տեսք ունի»:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը Գոռի դիպլոմային աշխատանքն էր: Ռեժիսորը խոստովանեց, որ այն երկար ժամանակ չէր դիտել.

«Լավ հիշողություններ վերապրեցի, կային դրվագներ, որոնք մոռացել էի: Աշխատելիս տեսնում էի շատ դրվագներ, որոնցից, իսկապես, ծիծաղում էի: Ի դեպ, այս ամենով սկսեցի զբաղվել նախորդ տարի, երբ համավարակը նոր էր սկսել եւ այլ աշխատանքներ չէինք կարող իրականացնել: Մոտ 5-6 ամիս աշխատել էինք դրա շուրջ, որպեսզի ստանանք իմ ուզած արդյունքը»:

Անդրադառնալով ֆիլմի՝ տարիների ընթացքում գրանցած հաջողությանն ու մինչ օրս արդիական լինելուն՝ Գոռն ընդգծեց.

««Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը համարվում է կոլորիտային, քանի որ սցենար գրելիս մենք փորձել ենք բոլոր հումորները սցենարին հարմարեցնել, որպեսզի որեւէ հումոր չլինի ժամանակի թելադրանքով պայմանավորված: Ընդհանրապես, ես իմ ֆիլմերում այդ ամենին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, որպեսզի այնպես չլինի, որ լինեն իրադարձային հումորներ, որոնք հենց այդ պահին են միայն արդիական: Կարծում եմ, որ հենց դրանով էլ բացատրվում է մեր ֆիլմի հաջողությունը: Մարդիկ կարողանում են նայել այն եւ չձանձրանալ: Կարծում ենք, որ այն մարդիկ, ովքեր արդեն դիտել են ֆիլմը, նորից կգան, քանի որ նոստալգիա կապրեն, ինչպես նաեւ կա մի նոր սերունդ, որին ֆիլմն անծանոթ է»:

Ֆիլմի ամենահետաքրքիր հերոսին մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Ռեժիսորը վերհիշեց, թե ինչպես է «համոզել» սիրված դերասանին նկարահանվել իր ֆիլմում, այն էլ՝ այն դեպքում, երբ վերջինը զբաղված էր մեկ այլ հայտնի նախագծի նկարահանումներով:

«Երբ ես դեռ փոքր էի եւ երազում էի ֆիլմ նկարահանելու մասին, միշտ Հրանտ Թոխատյանին ասում էի, որ նա պետք է նկարահանվի իմ առաջին ֆիլմում: Նա էլ խոսք էր տվել, որ կանի դա: Հետո, երբ արդեն ունեցա սցենարը,  նրան առաջարկեցի Համլետի կերպարը, որին ֆիլմում մարմնավորում է Վահանգն Սիմոնյանը, սակայն Հրանտն առաջարկեց լինել ֆիլմի ձայնը, պատմել բոլոր գործողությունների մասին: Հետո նա առաջարկեց մարմնավորել ֆիլմի հանգուցյալին: Հրանտն այդ շրջանում նկարահանվում էր «Մեր բակը 3» ֆիլմում, շատ զբաղված էր, նրան թվում էր, թե դագաղում պառկելը շատ աշխատատար չի լինի, կգա, կպառկի ու կզբաղվի իր մյուս աշխատանքներով: Պարզվեց, որ չէր պատկերացրել, որ իր նկարահանման օրերը շատ  են ու բավական տանջալի կլինեն: Նա պառկած էր դագաղում, սակայն ստիպված էր շունչը պահել, քանի որ պառկած մարդու որովայնից երեւում է, որ նա շնչում է: Ինչպես նաեւ դադարների ժամանակ չէի թույլատրում, որ դուրս գա դագաղից, քանի որ կկեղտոտեր հագուստը եւ կոշիկները: Իսկապես, շատ բարդ էր, ավելին՝ նա դագաղում պառկած էր կոստյումով, իսկ մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, պատկերացրեք, թե որքան շոգ էր: Իհարկե, շատ է տանջվել, սակայն հիշվող դեր է: Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ համաձայնել է խաղալ, ավելին՝ ինքն էլ առաջարկել է այս դերը: Մոտ երկու դերասան հրաժարվել էր այս դերից, կարծում եմ, որ չէին վստահել, քանի որ սկսնակ եմ, սակայն Հրանտը ճանաչում էր ինձ, գիտեր իմ երազանքների մասին»:

Գոռի խոսքով՝ ֆիլմի հետ կապված շատ զվարճալի պատմություններ կան, մասնավորապես՝ դագաղ գնելու պատմությունը:

«Պետք է երկու դագաղ գնեինք, մեկը՝ էժան, մյուսը՝ թանկ: Նար-Դոս փողոցում դագաղ էինք գնում, հարցրի՝ թե ի՞նչ արժի դագաղը, ասացին, որ 150 դոլար է, ինչին ի պատասխան նշեցի, որ անմիջապես կողքը 100 դոլարով եմ տեսել, սակայն շատ զվարճալի պատասխան ստացա. «Տեսե՞լ ես էդ դագաղը, մեջը մի հատ ձեռքերդ ձգես, կքանդվի»: Սա իսկապես իմ ամենասիրելի զվարճալի պատմություններից է»,-ամփոփեց Գոռը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE