Երգիչ Ար Քելիին մեղադրում են աբորտի դրդելու եւ վեներական հիվանդությամբ գիտակցված վարակելու մեջ

14:11   25 օգոստոսի, 2021

Ռեփեր Ար Քելիի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել։ Այս անգամ 23-ամյա ամերիկուհին երաժշտին մեղադրել է աբորտի դրդելու, դաժան վերաբերմունքի եւ վեներական հիվանդությամբ գիտակցված վարակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցներին։

Կինը, որը որոշել է անանուն մնալ, պատմել է, որ Քելիի հետ իր հարաբերությունները սկսվել են 2014 թվականին, երբ նա 17 տարեկան էր եւ շարունակվել են հինգ տարի: Նա պնդում է, որ երգիչը լիովին վերահսկում էր իր կյանքը՝ հորինելով մի ամբողջ շարք կանոններ, եւ նրան պատժում էր անհնազանդության դեպքում։

2017թ․-ին նա հղիացել է եւ Ար Քելին պնդել է աբորտ անել։ Նա նաեւ գիտակցաբար վարակել է հերպեսով։ Պարբերականի տեղեկություններով՝ Քելին իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեռական բռնության մեջ մեղադրվող «I Believe I Can Fly» հիթի կատարող Ար Քելին ծեծի է ենթարկվել բանտում: Կատարողը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն փաստաբանները ցանկանում են խափանման միջոցը տնային կալանքով փոխելու միջնորդություն ներկայացնել։



© NEWS.am STYLE