«Ես չգիտեմ՝ շոու-բիզնեսն ինչ բան է. մարդկային հարաբերություններն ամենակարեւորն են». նոր ֆոտոշարք ու «20 փաստ» Նազիկ Բաղդասարյանի մասին

15:05   26 օգոստոսի, 2021

Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ: Նազիկը լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, իսկ մենք առիթը բաց չենք թողել ու մեր «20 փաստ» խորագրի շրջանակում 20 հարց ենք ուղղել դերասանուհուն՝ նրա մասին ավելին բացահայտելու ակնկալիքով:

Նազիկ, ինչպե՞ս է սկսվում օրդ:

Օրս սկսվում է մեկ բաժակ սուրճով, ու դրան հաջորդում են վազքս, տնային գործերը, երեխային դպրոց ճանապարհելը, թատրոնն ու այդպես…

Առավոտյա՞ն մարդ ես քեզ համարում, թե՞ գիշերային:

Ես օրվա ամենասիրելի հատվածը համարում եմ առավոտը՝ շատ վաղ առավոտը, երբ ամեն բան խաղաղ է ... Չկան ձայներ, մեքենաներ, կա մաքուր օդ ու լռություն... Իսկ գիշերները չեմ սիրում քնել: Միշտ ասում եմ, որ քնելը մեր կյանքից ժամանակ է տանում, որ այդ ժամանակը կարելի է ավելի ռացիոնալ բաշխել ու ավելի կարեւոր գործ անել...

Քո հոբբին:

Առաջին բանը, որ գալիս է մտքիս, երգելն է, բայց երգելս ապրելակերպ է դարձել, այնպես որ՝ երեւի՝ լուսանկարվելը:

Բառ կամ արտահայտություն, որը քեզ հետ են ասոցացնում:

«Խաղաղություն», «մեղմություն»` բառեր, որոնք միշտ հետս են, ընկերներս կփաստեն:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմ մարդիկ:

Դիմում են Նազ, կամ՝ Նազո:

Շոու-բիզնեսում ամենամոտ ընկերներդ:

Ես չգիտեմ՝ շոու-բիզնեսն ինչ բան է, ինձ համար մարդկային հարաբերություններն ամենակարեւորն են: Կարճ ասած՝ բիզնեսը՝ բիզնես, ընկերությունը՝ ընկերություն:

Քո ամենասիրելի դերդ:

Ես անկեղծ եմ ասում՝ սիրում եմ իմ բոլոր դերերը, եթե չսիրեմ, չի ստացվի ոչինչ, բայց կան դերեր, որոնք երբեք չեն մոռացվում ու մտնում են մաշկիդ տակ: Մի քանի տարի առաջ խաղացի մի դեր, որը դարձավ իմ ամենասիրելին: Խոսքս Ֆրանսուազ Սագանի  «Բարեւ թախիծ» ներկայացման  գլխավոր հերոսուհու՝ Սեսիլի մասին է: Այս դերն իմ մեջ շատ բան փոխեց, ու ապրում է իմ ներսում մինչ այսօր:

Դեր, որը ցանկանում ես ունենալ քո խաղացանկում:

Դեր, որը նման չի լինի իմ նախորդ դերերին, որը նման չի լինի ինձ՝ Նազիկին: Որը էլի կփոխի ներաշխարհս ու կդարձնի մի փոքր ուրիշ:

Ֆիլմ, որը կարող ես անդադար դիտել:

Երեւի՝ ամենասիրուն ֆիլմերից մեկը՝ «Կյանքը հիասքանչ է»:

Քեզ ո՞ր գրքի կամ ֆիլմի հերոսուհու հետ ես նույնացնում:

Տարբեր ժամանակներ տարբեր զգացողություններ են բերում կյանքում՝ Լարս Ֆոնտրիերի «Մելանխոլիա»-ից  մինչեւ Չելենտանոյի «Կամակոր տղամարդու սանձահարումը»:

Վերջին շրջանում ո՞ր երգն է պտտվում գլխումդ:

Վերջին շրջանում երգեցի Black Pumas խմբի «Colors» երգը, ու մինչ այսօր հաճախ երգում եմ՝ թե´ մտքում, թե´ բարձրաձայն ... Սիրուն երգ է, ինչ խոսք:

Համաշխարհային աստղ, որին կցանկանայիր հանդիպել:

Միանշանակ՝ Բեյոնսե: Ես այս կնոջը սիրում եմ  դեռ շատ փոքրուց: Նրանից կարելի է անվերջ սովորել, ու կարելի է անվերջ հիանալ նրանով:

Ըստ քեզ՝ քո դրական եւ բացասական կողմերը:

Ե´վ դրական ,ե´վ բացասական կողմերս նույնն են (ժպտում է): Լսե՞լ եք նման բան... Ես ահավոր նվիրվող եմ ու դյուրահավատ. դա կարող է եւ լավ մարդկային հատկանիշ լինել, եւ վատ, քանի որ այդ հատկանիշների պատճառով շատ եմ տուժել ու հասկացել, որ այն նաեւ բացասական գիծ է մեր օրերում:

Սխալ, որի համար փոշմանում ես:

Մերժել եմ այնպիսի առաջարկներ, որ չարժեր... Երեւի՝  այդ պահին ճիշտ եմ համարել մերժելը, բայց կան բաներ, որոնք հիմա սխալ են թվում:

Հիշաչա՞ր ես, թե՞ ներողամիտ:

Սարսափելի ներողամիտ եմ, մեկ րոպե հետո կարող եմ մոռանալ ինձ հասցրած վիրավորանքը, բայց կան բաներ, որ խոցել են ու չեն մոռացվում: Ամեն դեպքում, ներողամիտ եմ:

Կյանքիդ ամենահիշարժան օրը:

Երեխայիս ծնունդը. այդ օրը երբեք հնարավոր չէ մոռանալ:

Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Հայրիկիս մահը…

Ի՞նչ երբեք չես անի:

Երբեք չեմ դավաճանի սիրելի մարդկանց:

Իրականացված երազանքդ

Ես երգում եմ, դա կյանքիս ամենամեծ երազանքն է եղել:

Այս պահի ամենամեծ երազանքդ:

Էլի երգել, անդադար երգել... Ինչքան էլ երգեմ, ինձ համար նորից երգելու հնարավորությունը մնում է երազանք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE