Մեծ Բրիտանիայում հափշտակել են Թոմ Քրուզի ավտոմեքենան․ 140 հազար դոլար արժողությամբ BMW X7-ը գողացել են հյուրանոցից

16:08   27 օգոստոսի, 2021

Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ գողացել են գլխավոր դերակատար, հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի ավտոմեքենան: Անհայտ անձինք կարողացել են կոտրել դերասանի մեքենայի կողպեքը, գողանալ մեքենան եւ դրա բեռնախցիկից գողանալ ամեն ինչ։ Ինչպես գրում է The Sun-ը, 140 հազար դոլար արժողությամբ BMW X7-ն առեւանգել են այն ժամանակ, երբ նա կանգնած էր հյուրանոցի մոտ:

Գողերը կոտրել են մեքենայի էլեկտրոնային կողպեքը ռադիոազդանշանի հաղորդիչի օգնությամբ։

Ավելի ուշ մեքենան հաջողվել է գտնել էլեկտրոնային հսկողության համակարգի շնորհիվ։ Այն թողել են փողոցում, իսկ այն ամենը, ինչ եղել է ներսում, գողերը հասցրել են իրենց հետ տանել։ Այդ թվում՝ Թոմ Քրուզի ուղեբեռն ու անձնական իրերը, որոնք գնահատվում են հազարավոր դոլարներ։ 59-ամյա դերասանը, որին թիկնապահները քաղաքում ուղեկցում էին այդ մեքենայով, զայրացել է՝ տեղեկանալով տեղի ունեցածի մասին։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE