Հայտնի բուսակերները. ինչո՞ւ են այս աստղերը հրաժարվել մսային ուտեստներից (ֆոտո)

12:25   28 օգոստոսի, 2021

Առողջ, երիտասարդ, առույգ ու ավելի երջանիկ՝ այսպիսին են բնորոշում իրենց կյանքն այս հայտնիները, որոնք ժամանակին հրաժարվել են մսային ուտեստներից ու անցել բուսակերությանը: Նրանցից շատերն էլ դա արել են՝ ի պաշտպանություն կենդանիների, ու իրենց օրինակով ցանկանում են ոգեշնչել երկրպագուներին ու հետեւորդներին:

Առանձնացրել ենք բուսակեր հայտնիներից մի քանիսին, որոնք պատմել են, թե ինչպես է իրենց կենսակերպը փոխվել բուսական ուտեստներին անցնելուց հետո:

Զաք Էֆրոն

Դեռահասների սիրելի դերասաններից մեկը՝ Զաք Էֆրոնը, տարիներ առաջ է որոշել հրաժարվել մսային ուտեստներից: Նա նշել է, որ բուսակերությունն ամբողջովին փոխել է իր կենսակերպը, էներգիան ու քնի գրաֆիկը:

«Ինձ վրա դա հրաշալի ազդեցություն է ունեցել՝ կարգավորելով իմ ապրելակերպը»,-Тееn Vogue-ի հետ զրույցում նշել է դերասանը:

Բեյոնսե

2018-ին, երբ պատրաստվում էր Coachella -ին, Բեյոնսեն որոշեց անցնել բուսակերության ու իր երկրպագուներին էլ հորդորեց նույնն անել: Ի դեպ, երգչուհին նման որոշում կայացրել էր նաեւ 2013-ին՝ միանալով ամուսնու՝ Ջեյ Զիի «22 օր՝ միայն բուսական ուտեստներ» մարտահրավերին:

Արիանա Գրանդե

Փոփ երգչուհին նշել է, որ իր բուսակերությունը գալիս է կենդանիների հանդեպ իր մեծ սիրուց.

«Ես կենդանիներին ավելի շատ եմ սիրում, քան մարդկանցից շատերին, բայց միեւնույն ժամանակ վստահ եմ, որ բուսական սննդակարգը նպաստում է երկարակեցությանն ու քեզ դարձնում ավելի երջանիկ»,-Mirror UK-ի հետ զրույցոմ պատմել է Գրանդեն:

Նատալի Փորթման

Harper's Bazaar-ի հետ զրույցում, կիսվելով իր սննդակարգից, Նատալի Փորթմանը նշել է, որ ինքը բուսակեր է: Աստղը հավելել է, որ բանջարեղենից ու մրգերից զատ՝ ընդունում է վիտամիններ, օրինակ՝ ամիսը մեկ վիտամին B12, քանի որ դա հենց այն վիտամինն է, որը չես կարող ստանալ բուսական սննդից:

Մայլի Սայրուս

Երգչուհու ինստագրամյան հրապարակումներից շատերն ուղղված են բուսակերության ու կենդանիների պաշտպանության կարեւորությանը: PETA-ն (ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ընկերություն) նրան, նույնիսկ, անվանել է «սուպեր բուսակեր»:

Հոակին Ֆենիքս

Cover Media-ին տված հարցազրույցում Ֆենիքսը նշել է, որ բուսակեր դարձել է 3 տարեկանից, երբ ընտանիքով գնացել են ձկնորսության: Հոլիվուդյան աստղը պատմել է, որ սարսափելի ազդվել է, երբ իր աչքի առաջ ձկներին բռնել ու սպանել են: Նա, նույնիսկ, մայիկին հարցրել է՝ «Ինչո՞ւ ինձ նախկինում չէիք ասում, թե ինչպես են միս ստանում»: Այդ պահից սկսած դերասանը հրաժարվել է մսային ուտեստներից:

Միշել Փֆայֆեր

Դերասանուհին նշել է, որ բուսակեր դարձել է առողջ ապրելկերպի ձգտումով:

«Բուսական սնունդ օգտագործելը շատ ավելի առողջարար է, բացի դրանից այդպես հնարավոր է խուսափել մի շարք նյութերից, որոնք հանգեցնում են մաշկի ծերացմանը: Ես, իսկապես, նկատել եմ դրական փոփոխություն բուսակերության անցնելուց անմիջապես հետո»,-Urbanette-ի հետ զրույցում ասել է նա:

Աղբյուրը՝ Goodhousekeeping.com, Teen Vogue, Mirror UK, Harper's Bazaar, Cover Media, Urbanette

Լուսանկարները՝  Getty Images, Andrew D. Bernstein/Getty Images, David Crotty/Patrick McMullan/Getty Images , Amy Sussman/Getty Images, Joel C Ryan/Invision/AP/Shutterstock, Olivia Malone/New York Times



© NEWS.am STYLE