«Ես իմ նախկին ընկերուհիներից շատերի հետ եմ պահպանել ջերմ հարաբերություններ». Ռիչարդ Գիրն այսօր նշում է 72-ամյակը

20:05   31 օգոստոսի, 2021

Ամերիկացի հայտնի դերասան ու պրոդյուսեր Ռիչարդ Գիրն այսօր՝ օգոստոսի 31-ին, նշում է ծննդյան 72-ամյակը: Իր կինոկարիերան Գիրը սկսել է 1970-ականներին՝ սկզբնական շրջանում մարմնավորելով երկրորդական դերերի, եւ միայն 1980 թ-ին է ստացել իր ճակատագրական դերը, որը դերասանին դարձրել է ոչ միայն հայտնի, այլեւ՝ ցանկալի: Խոսքն American Gigolo ֆիլմի մասին է, որից հետո Գիրին սկսեցին անվանել սեքս խորհրդանիշ:

Դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են՝ «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Սպան ու ջենտլմենը», «Չիկագո», «Ես այնտեղ չեմ» եւ այլն:

Գիրն ստացել է ոլորտում մի շարք հեղինակավոր մրցանակներ, որոնց շարքում է «Ոսկե Գլոբուսը», որին դերասանն արժանացել է օսկարակիր՝ «Չիկագո» մյուզիքլում իր դերի համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռիչարդ Գիրի՝ տարբեր ժամանակահատվածներում արտահայտած մտքերից մի քանիսը:

«Բարությունը միշտ ստանում է պատասխան»:

«Ես ժամանակի զգացողություն չունեմ. ես երազկոտ եմ»:

«Կարծում եմ՝ կյանքը ինքնաճանաչողության քննություն է, եւ սա մի ճանապարհորդություն է, որով բոլորս ենք անցնում»:

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է երջանկությունը, այդպիսով յուրաքանչյուրը միայն գիտի, թե ինչն է իրեն ավելի ուրախ դարձնում եւ, որպես կանոն, դա երբեք չի արդարացնում սպասելիքները»:

«Այն ամենը, ինչ տարածվում է մտքովդ ու սրտովդ, երջանկություն է, բայց դա վերջնական նպատակ չէ»:

«Ես չեմ ճանաչում մեկին, որը բացարձակ ազնիվ է հարաբերությունների մեջ: Այդպիսի բան գոյություն չունի»:

«Չեմ կարծում, թե քաջությունը մաշկի ներսում է: Այն էմոցիոնալ կարիքը ներկայացնելու կամային դրսեւորումն է»:

«Ես իմ նախկին ընկերուհիներից շատերի հետ եմ պահպանել ջերմ ընկերական հարաբերություններ»:

«Իրականում ցանկացած դերասան ունի միայն մեկ դեր. մեր առաջադրանքն է գտնել, թե որն է այդ դերը»:

«Մենք բոլորս ունենք ընդհանրություն՝ բարության ու համբերատարության գնահատումը, որը հատուկ է բոլոր կրոններին: Մենք բոլորս թեքվում ենք դեպի սերը»:

Լուսանկարները՝ Getty Images, PA



© NEWS.am STYLE